Սեպտեմբերի սկզբին Պաշտպանության նախարարությունից վերանվանված ԱՄՆ Պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը երեքշաբթի Վիրջինիայի Քուանտիկո ծովային հետևակի բազայում հավաքել է ամերիկացի գեներալների, ծովակալների և զինվորական պաշտոնյաների։ Այդ «խիստ անսովոր հանդիպմանը», ինչպես հաղորդում է Bloomberg-ը, նա հայտարարել է, որ ամերիկյան ռազմական հաստատության նպատակը «հաղթանակին պատրաստվելն է»։ «Եթե մեր թշնամիները հիմարաբար որոշեն մեզ մարտահրավեր նետել, նրանք կջախջախվեն Պատերազմի նախարարության դաժանությամբ, ճշգրտությամբ և վայրագությամբ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Պաշտպանության նախարարության դարաշրջանն ավարտվել է։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ ամրապնդի իր ռազմական կարողությունները և մեծացնի զորքերի քանակը, քանի որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի՝ «խաղաղությունը պաշտպանելու համար»։ «Վերականգնված Պատերազմի նախարարության միակ առաքելությունը պատերազմն է՝ ռազմական գործողությունների մղումը, պատերազմի ու հաղթանակի պատրաստվելը՝ անդադրում և անզիջում»,- հայտարարել է Հեգսեթը։
Նա միաժամանակ բարձրաստիճան զինվորական ղեկավարներին կոչ է արել լքել ծառայությունը, եթե չեն կիսում իր տեսակետները, ներառյալ՝ բոլոր զինծառայողների համար խիստ ֆիզիկական պատրաստվածության չափանիշների ներդրումը: Հեգսեթը քննադատել է ավելորդ քաշ ունեցող սպաներին՝ հայտարարելով. «Բացարձակապես անընդունելի է տեսնել թանձրամարմին գեներալների և ծովակալների Պենտագոնի դահլիճներով քայլելիս»: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ այսուհետ բոլոր ֆիզիկական պատրաստվածության թեստերը կանցկացվեն միայն տղամարդկանց վրա՝ ընդգծելով արտաքին տեսքի չափանիշների կարևորությունը և հայտարարելով զինվորականների շրջանում մորուք կրելու արգելքի մասին: Հեգսեթը միաժամանակ արտահայտվել է կարգապահական կանոնները մեղմացնելու և նոր ծառայողների նկատմամբ հին ծառայողներից պաշտպանելուն կոչված միջոցառումները թուլացնելու անհրաժեշտության օգտին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ քննադատել է բազմազանության նախաձեռնությունները, որոնք, ըստ նրա, տասնամյակներ շարունակ, նպաստել են բանակի անկմանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սևամորթ գեներալին և ԱՄՆ ռազմածովային ուժերի ավագ ծովակալի պաշտոնը զբաղեցնող կնոջ վերջերս ազատմանը: Հեգսեթը նշել է, որ իր նախաձեռնությամբ փոխարինված սպաները «խաթարված մշակույթի» մաս են կազմում: «Քաղաքականապես կոռեկտ, չափազանց զգայուն և ոչ մեկի զգացմունքը չխաթարող ղեկավարության դարաշրջանն ավարտվում է հենց հիմա՝ բոլոր մակարդակներում»,- հայտարարել է նա: