Այն փաստը, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի վրա, աղաղակող դեպք է, քանի որ այդ օբյեկտը միջազգային նշանակություն ունի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս դեպքում հարձակումն աղաղակող միջադեպ է, քանի որ խոսքը միջազգային նշանակության և միջազգային մասնակցությամբ օբյեկտի մասին է», - ասել է Պեսկովը։
Նոյեմբերի 29-ին Նովոռոսիյսկի մոտ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի նավամատույցներից մեկը հարձակման է ենթարկվել անօդաչու նավակների կողմից։ Այն անդառնալիորեն վնասվել է։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի վիրավորվել, և Սև ծովում նավթի արտահոսք չի եղել։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է և հայտարարել, որ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի ենթակառուցվածքների վրա հարձակումը համարում է Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերություններին վնասող գործողություն։