Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այն կարծիքին է, որ Եվրամիության երկրները պետք է միմյանց միջև բաժանեն ֆինանսական ռիսկերը Եվրոպայում սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործման դեպքում՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նոյեմբերի 30-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերով:
Նա հավելել է, որ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, այդ թվում՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման հեռանկարների առնչությամբ Վադեֆուլը կարծիք է հայտնել, որ առջևում բանակցությունների «վճռորոշ շաբաթ» է: Նախարարը, զգուշավոր լավատեսությամբ ասել է, որ «այժմ հրադադարի իրական հնարավորություն կա»:
Աշնան սկզբից Եվրամիությունում քննարկվում է Ուկրաինային 2026 և 2027 թթ. շուրջ 140 միլիարդ եվրոյի չափով ռեպարացիոն փոխառություններ հատկացնելու հնարավորությունը: Որպես այս վարկի ապահովում՝ պլանավորվում է օգտագործել ռուսական Կենտրոնական բանկի՝ Եվրոպայում սառեցված պահուստները: Այս գաղափարին ակտիվորեն աջակցում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԳԴՀ-ի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: