Կիրակի օրը ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կենտրոնացած են եղել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում փաստացի սահմանի որոշման վրա, Axios-ին հայտնել են երկու ուկրաինացի պաշտոնյաներ։ Նրանք հինգժամյա հանդիպումը անվանել են «բարդ» և «լարված», բայց արդյունավետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը, ինչպես սպասվում է, երեքշաբթի օրը կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ, պնդում է, որ Ռուսաստանը կանգ չի առնի մինչև ամբողջ Դոնբասը չվերահսկի, հիշեցնում է պարբերականը։
Ինչպես գրում է Axios-ը, ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան փոխանցի այդ տարածքները, որպեսզի համոզի Պուտինին խաղաղություն կնքել, սակայն դա «ցավոտ և քաղաքականապես պայթյունավտանգ զիջում» կլինի Ուկրաինայի կողմից։
Ըստ պարբերականի տվյալների՝ ընդլայնված կազմով մեկ ժամ տևած բանակցություններից հետո հանդիպումը շարունակվել է յուրաքանչյուր կողմից երեքական ներկայացուցչի մասնակցությամբ։ Երկու ուկրաինացի աղբյուրների խոսքերով՝ տարածքային վերահսկողության գիծը մնացել է գործնականում միակ քննարկվող հարցը։
Ամերիկյան կողմից ներկա են եղել Ուիթքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմը ներկայացնում էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) ղեկավար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը և ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Այնուհետև Ումերովը ևս մեկ հանդիպում է անցկացրել Ուիթքոֆի հետ և զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նրան բանակցությունների ընթացքի մասին տեղեկացնելու համար։
«Հանդիպումը հագեցած է եղել, բայց ոչ բացասական։ Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի լուրջ ներգրավվածությունը։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք ԱՄՆ-ին հաջողության հասնել՝ չկորցնելով մեր երկիրը և չթույլատրելով կրկնակի ագրեսիան»,— Axios-ին գրել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։
Կիրակի օրը Ֆլորիդայից Վաշինգտոն թռչող Air Force One ինքնաթիռում Թրամփը լրագրողներին ասել է, որ իրեն զեկուցվել է բանակցությունների արդյունքների մասին և կարծում է, որ «համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա»։
Ուիթքոֆը նախատեսում է երկուշաբթի օրը մեկնել Մոսկվա և երեքշաբթի օրը հանդիպել Պուտինի հետ։ «Գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին է ռուսների դիրքորոշումը և արդյոք նրանց մտադրությունները իրական են։ Կտեսնենք, թե Ուիթքոֆը ինչ կբերի Մոսկվայից», - Axios-ին ասել է ուկրաինացի պաշտոնյան։