Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Լոնդոնում բնակվող մի ամերիկացի կարդացել է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու մասին լուրը եւ նամակ ուղարկել ԱՄՆ դեսպանատուն՝ «ամուսնալուծության» խնդրանքով։ Այսպես է սկսվել քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, որն այժմ մոտենում է ավարտին, գրել է The Washington Post-ը։ https://www.washingtonpost.com/world/2025/10/18/renounce-us-citizenship-politics-expats/
Տղամարդը, որը ցանկացել է անանուն մնալ՝ Թրամփի վարչակազմի վրեժխնդրությունից վախենալով, նշել է, որ այլեւս իրեն ամերիկացի չի զգում։ Նա երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում, ունի բրիտանական անձնագիր եւ աշխատում է ոչ առեւտրային ոլորտում։ «Նախկինում ես ինձ զգում էի ե՛ւ բրիտանացի, ե՛ւ ամերիկացի։ Բայց հիմա ես ինձ զգում եմ միայն բրիտանացի»,- խոստովանել է նա։
Նա միայնակ չէ։
Ինչպես հավաստիացրել է պարբերականը, արտասահմանում ապրող ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են որոշում պաշտոնապես խզել կապերը հայրենիքի հետ։ Եթե նախկինում հարկերն ու բյուրոկրատիան էին հիմնական պատճառները, այժմ ավելի ու ավելի հաճախ նշվում է քաղաքականությունը։ Greenback խորհրդատվական ընկերության հարցման համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիությունից հրաժարվելու մասին մտածողների մասնաբաժինը 30 տոկոսից աճել է մինչեւ 49 տոկոսի։ Նրանց կեսից ավելին որպես պատճառ նշում է հիասթափությունը ԱՄՆ քաղաքականությունից։
Արտասահմանում ապրող ամերիկացիները պարտավոր են հարկեր վճարել երկու երկրներում, իսկ որոշ բանկեր հրաժարվում են համագործակցել նրանց հետ Վաշինգտոնի խիստ պահանջների պատճառով։ Բացի այդ, աճող քաղաքական պառակտումը, բռնությունը եւ ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամը միայն մեծացնում են «պորտալարը կտրելու» ցանկությունը։
Օհայոյից 33-ամյա Քոլին Մակքաթչեոնն, օրինակ, որը բնակվում է Լոնդոնում, նամակ է ուղարկել՝ հրաժարվելով քաղաքացիությունից 2024թ․ ընտրությունների օրը։ Իսկ 41-ամյա Էբին, որը ծնվել է ԱՄՆ-ում բրիտանացի ծնողներից, հատուկ թռել է Լատվիա՝ պաշտոնապես խզելու կապերն այն երկրի հետ, որտեղ անցկացրել է մանկությունը։
Հրաժարման ընթացակարգը երկարատեւ է եւ անշրջելի. պետք է ապացուցել երկքաղաքացիությունը, վճարել 2 350 դոլար եւ երդվել հրաժարվելու մասին։ «Դա նման է իմ մի մասից հրաժարվելուն,- ասել է Էբին։- Ես մի քիչ ամերիկացի էի, բայց դա արդեն անցյալում է»։