Անցած գիշեր Ուկրաինան կրկին ենթարկվել է Ռուսաստանի համակարգային հարձակմանը՝ ավելի քան 50 հրթիռների և գրեթե 500 հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ հարվածներ են հասցվել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Խերսոնի և Օդեսայի մարզերի բնակավայրերին։
«Այս պահին հայտնի է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է տասը մարդ։ Ցավոք, հինգ մարդ զոհվել է»,- ասված է գրառման մեջ։
Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով էլ՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումներ է իրականացրել Բելգորոդի մարզի բնակավայրերի վրա՝ օգտագործելով ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Բելգորոդը հարձակման է ենթարկվել 33 անօդաչու թռչող սարքով, որոնցից 30-ը խփվել է: Նշվում է, որ առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամուսնական զույգ:
«Տղամարդը հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոցում, իսկ կինը դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար», - գրել է նահանգապետը՝ հավելելով, որ վնասվել են չորս բազմաբնակարան շենքերի ինը բնակարաններ և մեկ առանձնատուն։
Նահանգապետի խոսքով՝ Շեբեկինոյում մի տղամարդ կանգնել է պայթուցիկ սարքի վրա և ծանր վիճակում հոսպիտալացվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։