Խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է. Ավինյան
Սեպտեմբերի 08, 2025

Խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է. Ավինյան

Վստահորեն՝ Երևանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ավտոմեքենաների քանակը գնալով դեռևս ավելանալու է, և մենք պետք է ամեն տարի հավելյալ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք մեղմել երթևեկության դանդաղեցման գործոնները։ Մեր ջանքերն էլ ավելի մեծ պետք է լինեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Հաջորդ տարի փոքր կենտրոնում պետք է ունենանք ծրագրեր մայթերի լայնացման և հեծանվային ուղիների ավելացման ուղղությամբ։ Հիմա Իլ դը Ֆրանսը աշխատանքներ է իրականացնում, հուսով եմ՝ որոշակի տեղեկություններ այսօր էլ կստանանք դրա վերաբերյալ։ Բայց արդեն հաջորդ տարի մենք լայնամասշտաբ ծրագիր պետք է իրականացնենք՝ հեծանվային ուղիների ավելացման, ինչպես նաև մայթերի լայնացման համար։ Հաջորդիվ ունենք ավտոբուսային նոր գծերի ավելացման խնդիր»,-նշել է նա:

Ավինյանի խոսքով, հանրային նոր տրանսպորտը հարմար է քաղաքացիների համար, և պետք է շարունակել զարգացնել այդ հարմարավետությունը. «Ինչպես տեսնում եք, խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այսքան ավտոբուսի նոր գիծ ստեղծելով, ավելի ցածր է»։

«Շատ տեղերում ստեղծվել են ավտոբուսային գծեր, ավտոբուսները սկսել են արագ շարժվել, և դրան զուգահեռ՝ լուծումներով էականորեն նվազեցրել են խցանումների միջինացված թիվը. «Այս գործընթացը չպետք է դանդաղեցնել, վստահ եմ՝ ավտոբուսների գծերի ավելացմանը զուգահեռ մեքենաների համար լուծումներ կգտնենք։ Բայց նորից հիշեցնեմ՝ մեր առաջնային խնդիրը մեքենաները չեն. մեր առաջնային խնդիրը հետիոտն է, հեծանիվն է, հետո ավտոբուսն ու տրոլեյբուսն են, և միայն դրանից հետո՝ ավտոմեքենան»,- ասել է Ավինյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս