Ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ. Կոնջորյան
Սեպտեմբերի 08, 2025

Ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ. Կոնջորյան

Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես անցկացրեց ընդդիմությունն ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, որովհետև քիչ առաջ տեսանք՝ որևէ նոր բան չեն սովորել մեր գործընկերները: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

 

«Նույն տեքստերը ՝ հին, չարչրկված, մաշված տեքստերը. ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ: Հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը:

Հիշեցնեմ, որ այն մարդիկ, որոնց մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: Ահա այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը՝ հերթական անգամ իր հին ու տափակ տեքստերի արտաբերմամբ»,- ասաց Կոնջորյանը:

Ապա նա թվեց, թե ինչ կլիներ, եթե այդ «ահաբեկչության փորձը» հաջողվեր:

«Առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը, առնվազն չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը, առնվազն չէր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայանգիրը, ըստ որի, ճանապարհներն ապաշրջափակվելու են հինգ սկզբունքների վրա:

Այսօր Հայաստանում և տարածաշրջանում գործում է խաղաղություն, խաղաղությունն առավել քան իրատեսական է, չէր լինի այս ամենը: Ակնհայտ է չէ՞, որ այդ ահաբեկչության փորձն այն բանի համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ Հայաստանում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետային պետություն և ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը: Ամբողջ պայքարը դրա մասին էր, և այդ պայքարը ձախողվել է»,- ասաց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս