ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես եկել ելույթով` հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, որի օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը:
«Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակում ՀՀ–ն և ԱՄՆ–ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ ՀՀ–ն ր ԱՄՆ–ն ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել»,– ասել է Փաշինյանը:
Նա ընդգծե; է` այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի անմիջական հարևանների համար։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։