Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել առևտրային «Շրջանակային համաձայնագրի» մասին, որն ուրվագծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին գործարքի մասին հայտարարությունից մի քանի շաբաթ անց։
«Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այս շրջանակային համաձայնագիրը դիտարկում են որպես գործընթացի առաջին քայլ, որը կարող է ժամանակի ընթացքում ընդլայնվել՝ ընդգրկելով լրացուցիչ ոլորտներ, շարունակելով բարելավել մուտքը շուկա և զարգացնելով իրենց առևտրային և ներդրումային հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ Միացյալ Նահանգները 15%-անոց սակագին կսահմանի ԵՄ ապրանքների մեծ մասի, դրանց թվում՝ դեղագործական և կիսահաղորդչային արտադրանքի ներմուծման նկատմամաբ։ Միացյալ Նահանգները կպահպանի Եվրամիության ավտոմեքենաների նկատմամբ գործող 27,5%-անոց սակագինը մինչև ԱՄՆ-ի մի շարք ապրանքների սակագների նվազեցման օրենսդրական ակտերի ընդունումը, հաղորդում է ABC News-ը։
Համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Եվրամիությունն արտոնյալ շուկա մուտք կապահովի Միացյալ Նահանգներից ծովամթերքի և ոչ կարևոր գյուղատնտեսական արտադրանքի համար, ներառյալ՝ ընկույզի, կաթնամթերքի որոշակի տեսակի, թարմ և վերամշակված մրգերի և բանջարեղենի, վերամշակված սննդամթերքի, սերմերի, սոյայի յուղի, ինչպես նաև խոզի և բիզոնի մսի համար։ Եվրամիությունը միաժամանակ նախատեսում է զգալիորեն ավելացնել Միացյալ Նահանգներից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները։