1990-ականների սկզբից ի վեր Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգը, ըստ այն տրամաբանության, որն այժմ օգտագործվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում խաղաղության օրակարգի համար, քանի որ այս օրակարգի քննարկումը դառնում է քաղաքական շահարկումների առարկա և այս քննարկումը ոչինչ չի տա հենց փախստականներին։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրա փոխարեն այս օրակարգը կստեղծի նոր լարվածություն՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Նա հավելել է, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում և ղարաբաղյան հակամարտությունը, սկսվել են «անմեղ մշակութային, սոցիալական, քաղաքական հարցերի» քննարկումից։ «Սա իմ մոտեցումն է և ռազմավարական առաջարկը ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հանրությանը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով», - նշել է Փաշինյանը։
Միաժամանակ նա բացատրել է, որ խաղաղ ժամանակ բոլորը կարող են այցելել ցանկացած վայր՝ որպես զբոսաշրջիկ։