Ռուսաստանը պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները Ուկրաինայի հետ, սակայն Կիևից դեռևս չի ստացել պատասխան Ստամբուլի գործընթացի շրջանակներում երեք աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկին․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Վերջին երրորդ փուլում (Ստամբուլում բանակցությունների – խմբ.) մեր բանակցողները առաջարկել են ստեղծել երեք աշխատանքային խումբ՝ օրակարգի հարցերն ավելի կոնկրետ քննարկելու համար, ռազմական, մարդասիրական և քաղաքական հարցերի խմբեր։ Մինչ օրս Ուկրաինայից արձագանք չի եղել», – ասել է Լավրովը։
Նա մանրամասնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ոչ միայն շարունակել այս բանակցությունները, այլև մտածել պատվիրակությունների մակարդակի բարձրացման մասին։
«Եվ սա համապատասխանում է մեր առաջարկին, որը ես հենց նոր նշեցի, որ այս գործընթացի շրջանակներում առանձին բլոկ նվիրվի կարգավորման քաղաքական ասպեկտների քննարկմանը՝ ռազմական և մարդասիրական ասպեկտների հետ մեկտեղ», – եզրափակել է ռուս նախարարը։