ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ոչնչացնելու միլիարդատեր Իլոն Մասկի բիզնեսը, որի հետ տարաձայնություններ ունի: Այս մասին նա գրել է իր Truth սոցցանցում։
«Բոլորը հայտարարում են, որ ես կկործանեմ Իլոնի ընկերությունները՝ հետ վերցնելով ԱՄՆ կառավարության որոշ, եթե ոչ բոլոր, մեծածավալ սուբսիդիաները։ Դա այդպես չէ։ Մաղթում եմ, որ Իլոնը և մեր բոլոր գործարարներն ունենան բարգավաճ գործունեություն՝ ինչպես երբեք: Որքան լավ են նրանց գործերը, այնքան լավ է ԱՄՆ-ի համար», - գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։
Մասկը մայիսի 29-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պետական արդյունավետության դեպարտամենտում (DOGE) որպես հատուկ պետական ծառայող իր լիազորությունների նախատեսված ժամկետը մոտենում է ավարտին, և շնորհակալություն է հայտնել Թրամփին կառավարության «շռայլ ծախսերը կրճատելու հնարավորության» համար:
Կապված դաշնային ծախսերը կրճատելու, բայց միաժամանակ՝ լուրջ հարկային արտոնություններ տալու Թրամփի քաղաքականության հետ, հունիսի վերջին Մասկը առաջարկել էր ԱՄՆ-ում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն՝ հայտարարելով, որ երկիրը հիմա «միակուսակցական է»:
Թրամփը, ի պատասխան գործարարի քննադատության, հայտարարել էր, որ առանց սուբսիդիաների Մասկը ստիպված կլինի «կողպել կրպակը ու գնալ տուն՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն»: