ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստի օրակարգ է բերել ԱԺ հայտարարության նախագիծ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ։
Նախագծի քննարկմանը ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել՝ այն որակելով հակահայկական։
Հայտարարության մեջ ասված է․ «ՀՀ Ազգային ժողովը.
- Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը,
- Գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարեւանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար,
- Ընդգծելով խաղաղության հաստատման կարեւորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հարատեւության համար,
- Հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա՝
1. աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ Հռչակագրին,
2. ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը եւ ստորագրմանն ուղղված ջանքերը,
3. կարեւորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման հիման վրա, տարածաշրջանում ու նրա հարեւանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով,
4. առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով,
5. քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեկնարկած գործընթացը,
6. վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա,
7. երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար,
8. ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ,
9. կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ/կամ այն վերաձեւակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից, հաստատված խաղաղության հարատեւությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար:
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են համատեղ Հռչակագիր (այսուհետ՝ Հռչակագիր), որը միտված է կողմերի միջեւ երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատմանը: Հռչակագրով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խաղաղ հարաբերությունների հաստատման, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման եւ հաղորդակցությունների բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:
Այս համատեքստում, կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատով ընտրված ներկայացուցչական մարմին, հայտարարության միջոցով աջակցություն հայտնի խաղաղության գործընթացին եւ քաջալերի բոլոր շահագրգիռ կողմերին՝ պահպանելու եւ ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը»։
Եվրոպական երկրները թերագնահատում են Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքի իրականությունը և չափազանց դանդաղ են անում այն, ինչ պետք է անեին իրենց պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը՝ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ ԶԼՄ-ների հետ ունեցած զրույցի ժամանակ։
Դանիայի վարչապետին հարցրել են, թե արդյոք Եվրոպան չափազանց դանդաղ է շարժվում իր պաշտպանության և հիբրիդային հարձակումներից պաշտպանության առումով, ինչին Ֆրեդերիկսենը պատասխանել է, որ բոլոր երկրները բավականաչափ արագ չեն շարժվում։
Նրա խոսքով՝ բոլորը թերագնահատել են, թե իրականում որքան մեծ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանը։
«Բայց մենք չենք կարող ասել, որ «ոչինչ չենք արել», որովհետև մենք շատ բան ենք անում», - ասել է վարչապետը։
Ինչպես ընդգծեց Ֆրեդերիկսենը, անհրաժեշտ է արագացնել և մասշտաբավորել գործընթացը։
«Հուսով եմ՝ բոլորը կճանաչեն, որ մենք պետք է Ուկրաինան դիտարկենք որպես «պաշտպանության առաջին գիծ»։ Ուկրաինայում մեր արած ամեն ինչ ներդրում է՝ մեր և մնացած Եվրոպայի պաշտպանության գործում», - ասել է Դանիայի վարչապետը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:
Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին:
Միաժամանակ պետք է ընդգծել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների հրապարակած տեքստերի և իրական քաղաքական գործընթացների միջև առկա է խզում, որի դրսևորումներից է՝ իշխող ուժի ղեկավարի ու ԱՄՆ նախագահի հայտարարությունների հակասությունը:
Ինչ վերաբերվում է կոնկրետ վաշինգտոնյան պայմանավորվածություններին, որի հիման վրա է կազմվել է ԱԺ հայտարարության նախագիծը, ապա սրա հետ կապված վերահաստատում ենք մեր ավելի վաղ մեր հնչեցրած դիրքորոշումը.
«Խիստ մտահոգված ենք Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ:
Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։
Մասնավորապես,
1.Հուշագիրն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։
2.Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
3.Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։
4.Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
5.Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։
6.Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։
7.Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով։
8.Ինչպես այլ կարևոր փաստաթղթերի, այնպես էլ այս հուշագրի բովանդակությունը թաքցված է եղել ՀՀ քաղաքացիներից և Ազգային ժողովից։ Կենսական կարևորության որոշումները չեն կարող կայացվել երկրի ներսում լեգիտիմություն չունեցող ռեժիմի կողմից։
9.Անկասկած է, որ ներկայիս զարգացումները Հայաստանում իշխող վարչախմբի և նրա պարագլխի՝ ամեն գնով, այդ թվում՝ ազգային, պետական շահերի ոտնահարմամբ և գեոպոլիտիկ արկածախնդրությամբ, վերարտադրվելու հիվանդագին, հակապետական եւ հակաժողովրդական մոլուցքի հետեւանք են։
10.Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։
Հստակ գիտակցելով տվյալ գործընթացից բխող հետագա մարտահրավերները և գնահատելով առկա իրավիճակի անհրաժեշտ գործողությունները, պահանջում ենք՝
ա)օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:
բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ:
գ) Արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանումն արձանագրել որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության գործընթացի բաղկացեւցիչ մաս:
դ) իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային անվտանգության երաշխիքներ և իրատեսական մեխանիզմներ սահմանել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր քաղաքացիների խաղաղ զարգացման ու կենսական շահերի ապահովման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը, մենք մերժում ենք գործող կառավարիչների քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում, միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը:
Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ մենք չենք կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը»։
ՀՀ–ում հավելյալ 12.6 մլրդ դրամ կդրամադրվի հիփոթեքային վարկերի տոկոսների մարման նպատակով եկամտահարկի վերադարձի համար։ Համապատասխան որոշումն ըդնունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ 2025 թ. հունվարի 1–ից ուժի մեջ են մտել եկամտահարկի վերադարձի համակարգի սահմանափակումները, ինչի արդյունքում 2024 թ. վերջին շահառուների թիվը կտրուկ սկսեց ավելանալ, ու սա այն դեպքում, երբ 2025 թ. բյուջեն արդեն իսկ ընդունվել էր։
Ինչ վերաբերում է շինարարության զարգացման միտումներին, ապա ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահի կանխատեսումներով` առաջիկա մեկ–երկու տարվա ընթացքում շինարարության տեմպի աճ կլինի, որից հետո նաև եկամտահարկի այս սահմանափակումների արդյունքում այն կվերադառնա դեպի իր բնականոն մակարդակ։
«Շինարարության աճի տեմպերի դանդաղում կլինի, սակայն նվազում չի լինի»,– վստահեցրեց Հակոբյանը։
Ըստ նրա` երբ նայում ենք մեր երկրի շինարարության կառուցվածքը, եթե մինչև 2025 թվականը կառուցապատումը հիմնականում Երևանում էր, ապա հիմա այն դիվերսֆիկացվում է և ավելի մեծ ակտիվություն է նկատվում Երևանից դուրս։
Հիշեցնենք, որ կառավարության նախկինում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանում նոր բնակարաններ գնելիս հիփոթեքային վարկի վերադարձն ամբողջությամբ պետք է դադարեցվի 2029 թվականին։
Հիշեցնենք նաև, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Երևանի առաջին գոտում չի գործում 2022 թվականի հուլիսի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործում ամբողջ Երևանում։
Դրանից բացի, 2025 թ. հունվարի 1-ից սկսած եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվել է: Նախագիծն ընդունվել է ԱԺ-ի այսօրվա նիստում:
Կողմ են քվեարկել 53, ձեռնպահ՝ 0 և դեմ՝ 26 պատգամավորներ։
Ադրբեջանը Եվրոպական Միության համար ոսկու պաշար է:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոպենհագենում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։
«Ադրբեջանը Եվրամիության ոսկու պահուստն է, քանի որ մենք էներգիայի հետ կապված շատ դժվարություններ ունենք, իսկ Դուք շատ հարուստ եք եւ համագործակցում եք, կայուն եւ լավ ղեկավարություն ունեք, այդ պատճառով Ադրբեջանը ԵՄ-ի համար ոսկու պահուստն է»,-հայտարարել է Օրբանը:
ՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58, կողմ` 26, ձեռնպահ` 2 պատգամավոր։
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում այսօր անցել են ՀՀ տարածք, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
««Մի ամբողջ հոտ է, բավականին շատ են»,–ասաց մեր զրուցակիցը։
Այլ մանրամասներ հայտնի չեն»:
91-ամյա ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Բրիջիտ Բարդոն, որը հայտնի է «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմով, կրկին իրարանցում է առաջացրել իր սուր կարծիքներով, հաղորդում է AFP-ն։
Իր նոր՝ «Mon BBcedaire» («Իմ այբուբենը BB») գրքում նա քննադատել է Սեն Տրոպեն, որտեղ ապրում է 1973 թվականից՝ կինոարվեստից հեռանալուց հետո։
Բարդոյի խոսքով՝ մի ժամանակ փոքր ձկնորսական գյուղը դարձել է «միլիարդատերերի քաղաք, որտեղ իր նախկին հմայքից ոչինչ չի մնացել»։ Նա հավելել է, որ Ֆրանսիան դարձել է «ձանձրալի, տխուր, հնազանդ, հիվանդ, վնասված, ավերված, սովորական և վուլգար»։
Գիրքը, որը ձեռագիր նշումների ժողովածու է, լի է կոշտ հայտարարություններով, այդ թվում՝ դերասանուհու քաղաքական և սոցիալական կարծիքներով։ Նախաբանում Բարդոն նշում է. «Ազատությունը ինքդ լինելն է, նույնիսկ եթե դա նյարդայնացնում է ուրիշներին»։
Իր աշխատանքներում նա նաև գնահատում է իր սերնդի հայտնի ֆրանսիացի դերասաններին.
Ժան-Պոլ Բելմոնդո՝ «հիանալի տղա, փայլուն դերասան, զվարճալի և քաջ»,
Ալեն Դելոն՝ «իր մեջ կրում է և՛ լավագույնը, և՛ վատագույնը»։
Կենդանիների իրավունքների պաշտպանության և պահպանողական հայացքների համար հայտնի Բարդոն նախկինում աջակցություն էր հայտնել Մարին Լե Պենին և շարունակում է քննադատել ժամանակակից հասարակությունը։