Ռուսաստանը նախատեսում է սկսել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը իր հոկտեմբերյան նախագահության ընթացքում, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Այո, իսկապես, մենք նախատեսում ենք սկսել գործընթացը մեր նախագահության ընթացքում»,- նշել է նա։
Նեբենզյան միաժամանակ նշել է, որ գործընթացի մեկնարկը չի նշանակում, որ նամակը կձևակերպվի հոկտեմբերին։ Օրինակ, վերջին անգամ դա տեղի է ունեցել դեկտեմբերի կեսին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը ձգտում է ամեն գնով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից եւ Ռուսաստանից՝ հատկապես հայկական ապրանքների արտահանման առումով։ Դրա համար մտածում է, որ անհրաժեշտ է գտնել նոր շուկաներ, հատկապես՝ ասիական եւ եվրոպական։ Թեեւ հասկանում է, որ այդ դեպքում երկիրը կորուստներ կունենա` զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից։
Մեզ հասած տեղեկություններով, կառավարության ֆինանսական բլոկում քննարկվում են բյուջեի հավանական դեֆիցիտը կրճատելու, ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցերը եւ, բնականաբար, գլխավոր լուծումը տեսնում են Հարկային օրենսդրության փոփոխությունների, այսինքն` հարկերը բարձրացնելու մեջ:
Ի՞նչ է կոնկրետ առաջարկում «մեծն տնտեսագետ» Նիկոլ Փաշինյանը: Նա 3 ուղղությամբ է տեսնում լուծումը`
բարձրացնել հարկերն այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, վառելիքը եւ այլն,
սահմանել շքեղության հարկ,
խստացնել եկամտահարկի շրջանակը բնակչության համար:
Նա հասկանում է, որ ընտրություններից առաջ դա չի կարող անել` դա կնվազեցնի իր վերարտադրվելու շանսերը, ուստի մտադիր է այս փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։
Միեւնույն ժամանակ կարծում են, որ բյուջեի մուտքերի ավելացումը հակառակ էֆեկտը կունենա` կօգնի հայկական ապրանքների արտահանումը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու գործընթացում։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է մոլորակի վրա առաջին մարդը, որի կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի։
Ըստ Forbes-ի՝ Էլոն Մասկը հատել է այդ շեմը չորեքշաբթի օրը։ Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
Առաջին անգամ Իլոն Մասկը Forbes-ի կողմից ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը 2021 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակից ի վեր նա մի քանի անգամ զիջել է այդ կարգավիճակը, բայց հետո վերադարձրել է այն։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնել՝ նշելով, որ առաջիկա օրերին կտրուկ կտաքանա:
«Վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնով պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր:
Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին
Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսնանքերի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածում օդի ջերմաստիճան աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Սուրենյանը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը նաև հայտնել է, որ սպասվում է տաք և սակավատեղում հոկտեմբեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում սկանդալային խոսքերի ու փոխադարձ մեղադրանքների շղթան տեղափոխվել է դատարան։ Ընդդիմադիր պատգամավորներ Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ որպես զրպարտչի։
Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից հրապարակային ներողություն, զրպարտության հերքում եւ 9 միլիոն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցում. դատավորը Աննա Շիլաջյանն է:
Ինչի՞ց սկսվեց
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Հովհաննիսյանը կոպիտ ու վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ընդդիմադիր գործընկերոջ հասցեին։ Իշխող խմբակցության պատգամավորի խոսքերը ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ հանրային լայն շրջանակներում դժգոհություն առաջացրին, եւ բոլորը, բացի ՔՊ-ից, միաբերան դատապարտեցին Արթուր Հովհաննիսյանին։
Պատգամավորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հովհաննիսյանին հրապարակային ներողություն խնդրել վիրավորական խոսքերի համար եւ հերքել, որ Թովմասյանը Հյուսիսային պողոտայում 4 բնակարան չունի, ՔՊ քարտուղարը ստել է։
Արթուր Հովհաննիսյանի դեմ այս տարվա հունիսին դատարան էր դիմել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա էլ պահանջում է հերքել Հովհաննիսյանի՝ մայիսի 12-ի ելույթի ժամանակ արված արտահայտությունը թե՝ «կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ-երը»։ Գրիգորյանը, հերքումից զատ, պահանջում է նաեւ 3 մլն դրամ փոխհատուցում, քանի որ երբեք ՀԷԿ չի ունեցել եւ Արթուր Հովհաննիսյանը զրպարտել է իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճռով առաջին անգամ չէ, որ զրպարտիչ է ճանաչվում. «Թիվ 5» լրատվամիջոց, «Ժողովուրդ» օրաթերթ եւ էլի հայցվորներ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի հաղթել են դատարաններում»։
Toyota Motor-ը թարմացրել է Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար նախատեսված լիարժեք չափի շքեղ թափքով և շրջանակով Lexus LX ամենագնացը, հաղորդում է Drom.ru-ն:
Փոփոխությունները շատ չեն։ Նախ, թարմացվել է յոթ տարբերակից կազմված արտաքինի գունապնակը՝ սադափե Eminent White Pearl, արծաթագույն Atomic Silver, պողպատե-մոխրագույն Manganese Luster, մուգ կանաչ Nori Green Pearl, սև Caviar, սպիտակ Ultra White և ոսկեգույն Earth։
Երկրորդ, էքստրեմալ ամենագնաց տարբերակը՝ LX Overtrail-ն, այժմ համալրվում է առջևի և հետևի կողպվող դիֆերենցիալներով և սրահի ռետինե հատակի գորգերով։ Վարկածի մյուս առանձնահատկությունները մնում են նույնը՝ 33-դյույմանոց ամենագնաց անվադողեր, ընդկալի պողպատե պաշտպանիչ հենատուփ և հատուկ արտաքին ոճավորում։
Առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայում LX-ը առաջարկվում է F Sport փաթեթով, որը ներառում է եզակի դիզայնով 22-դյույմանոց թեթև մետաղական անվահեծեր, աերոդինամիկ բախարգելի երիզներ և ռադիատորի ցանց։ F Sport-ը ներառում է ավելի սպորտային ղեկային և կախոցի կարգավորում, Torsen սահմանափակ սահքի դիֆերենցիալ և եզակի հետևի կայունարար ձող։ Կառավարման արձագանքը ստանդարտ ամենագնացիի համեմատ բարելավվել է։
Lexus LX-ն այժմ հագեցած է Safety System 3.0 կանխարգելիչ անվտանգության համակարգի վերջին տարբերակով։ Այլ առանձնահատկությունների շարքում մտնում է արտակարգ ավտոմատ արգելակում՝ հետիոտնի և հեծանվորդի հայտնաբերմամբ, այդ թվում՝ գիշերային ժամերին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի վերջին երկու օրերը կարելի է նկարագրել մեկ բառով՝ «հերթ». ոչ թե օրակարգային հարցերի քննարկման, այլ ընդդիմությանը հերթով վիրավորելու համար։ Թվում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտել են իրենց քաղաքական գոյատեւման բանալին. որքան ավելի կոպիտ խոսեն ընդդիմության հասցեին, կամ գրառում անեն, այնքան բարձր կլինի հաջորդ ընտրացուցակում հայտնվելու հավանականությունը։
Հասկանալի է, որ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը նրանց երկրորդ պլանում է, իսկ ամբիոնին մոտենալը՝ քաղաքական կարիերայի ապահովագրություն։ Դրա համար էլ անգամ այն պատգամավորները, որոնք մի ամբողջ նախադասություն շարադրելու համար նախապես պետք է գրավոր տեքստ ունենան, այսօր մեկ առ մեկ դուրս են գալիս ու կրկնում նույնը, հիշեցնում «նախկիններին», վարկաբեկում ընդդիմությանը եւ ցույց տալիս՝ «հավատարիմ ենք»։
Օրինակ՝ հանրությանը գրեթե ոչինչ չասող անուններ՝ Անուշ Քլոյան, Արմենուհի Ղազարյան, Էմմա Պալյան, Նարեկ Գրիգորյան, Տիգրան Պարսիլյան եւ մյուսներ, որոնց գործունեության մասին ոչ ոք առանձնապես տեղյակ չէր, հիմա փորձ են անում քաղաքական խոսք ձեւակերպել։ Ամբիոնից, իհարկե։ Այս ամենը, թերեւս, ցույց է տալիս մեկ բան. իշխող խմբակցության ներսում ընդդիմախոսին վիրավորելը դարձել է մրցակցություն, իսկ ԱԺ ամբիոնը՝ հերթագրման ցուցակ։ Մնում է պարզել՝ արդյոք այս քաղաքական մարաթոնում վերջնագիծ կա, թե ամբիոնից հնչող վիրավորանքների հաշվին են փորձելու անցկացնել ամբողջ խորհրդարանական շրջանը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։
Մենք տեղեկություններ ունենք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու: Մենք զանգահարեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանին, որը հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց. «Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռական է տրամադրված՝ շարունակելու Վալոդյա Գրիգորյանի աշխատանքները, և ավագանու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ, կարծում ենք, կստանա ձայների մեծամասնությունը»։
Առաքելյանը, սակայն, առայժմ չցանկացավ այլ «փակագծեր» բացել և հայտնել, թե կոնկրետ ում թեկնածությունն են առաջադրելու:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում քննարկվող թիվ 1 թեման 2026-ի նախընտրական ցուցակն է՝ ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա։
Մեզ պատմեցին, որ տարբեր շրջանակներից փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել նորընտիր վարչության հետ, խնդրել, որ իրենց համար բարեխոսեն «վերեւներին»՝ անցողիկ տեղերի համար, սակայն, ինչպես ասում են, քաչալը ճար ունենա, իր գլխին կանի: Վարչության որոշ անդամներ վստահ չեն, որ առաջատար դիրքում են լինելու։
ՔՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ «տնօրենն» է որոշում:
Չնայած «Կուսակցությունների մասին» օրենքով համագումարը պետք է ընտրի ցուցակի առաջին 30 համարին: Ենթադրում են, որ սեպտեմբերին վարչության կազմում ընտրվածները կանցնեն նաեւ գարնանը նախատեսվող համագումարի ժամանակ: Թիմում խոսում են, որ Փաշինյանից բացի, ցուցակի ձեւավորմանը նաեւ արտաքին «փայատերերն» են մասնակցելու, որ ռուսամետ տարրերը բացառվեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարար, նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը, երեկ կրկին մոռանալով, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանում կյանք է եղել, «Զվարթնոց» օդանավակայանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 10 տարի առաջ չկար նման թռիչքներ իրականացնելու հնարավորություն, որ մարդիկ էժան տոմսով «աշխարհ տեսնեին»:
Նախկին ՀՀԿ-ականին հիշեցնենք, որ հենց 10 տարի առաջ էլ Հայաստանը բանակցություններ էր անցկացնում հունգարական Wizz Air-ի, բրիտանական EasyJet-ի եւ իսպանական Vueling-ի հետ` նախարար Կարեն Ճշմարիտյանի օրոք։ Սակայն հաշվի առնելով ռիսկերը եւ Հայաստանի ռեսուրսները որոշ հարցերում՝ Կառավարությունը որոշել էր չֆինանսավորել ՀՀ քաղաքացիների՝ Հռոմում էժան սուրճ խմելու համար:
Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ ձեռքբերում է համարում, որ 3 մլրդ դրամ է տալու մեկ ինքնաթիռի համար, որ հայերը էժան ավիատոմսերով եվրոպայում սուրճ խմեն: Իսկ այն հարցին, թե դա ինչ տնտեսական օգուտ է բերելու, Էկոնոմիկայի նախարար Պապոյանը թվեր չնշեց, միայն ասաց, թե շատ մեծ օգուտներ են գալու` առանց հստակության։
Հավելենք, որ ՔՊ-ականները քաղաքական գովազդի համար ռիսկի գնացին եւ անգամ Գյումրու օդանավակայանում բացեցին թռիչքներ Wizz air-ի համար, այնինչ քաղավիացիայի նախկին ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն էլ էր այդ մասին բանակցությունների ընթացքում վախով խոսում։ Ինչո՞ւ, որովհետեւ մի շարք մասնագետներ կասկածի տակ են դնում «Շիրակ» օդանավակայանի պրոֆեսիոնալությունը։
Սա Պապոյանի թերեւս անտեղյակությունն էր։
Հաջորդը այս համագործակցության բարոյական կողմն է.
Wizz air-ը հունգարական ավիաընկերություն է: Այն նույն երկրին է ՀՀ Կառավարությունը գերշահույթներ ապահովում, որտեղ 2004-ի փետրվարին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց քնած, 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպանությունից հետո էլ 2012-ին Հունգարիայի ղեկավարությունն Ադրբեջանին արտահանձնեց հայ սպային դաժանաբար սպանած Սաֆարովին, ում Իլհամ Ալիեւը հերոսի կոչում տվեց:
Բայց սա դեռ ամենը չէ: Հենց այս տարի Եվրոպական միության անդամ երկրները որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, նույն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ։
Բացի դրանից, երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ Բուդապեշտը արդեն իսկ պայմանագրեր էր կնքել՝ օգնելու ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղում «գյուղերի վերակառուցման աշխատանքներում»։
Ահա այս երկրի համար Կառավարության առանձին հատկացումներով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եկամուտներ է ապահովում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում