Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։
Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»,- գրել է նա:
Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այդ դեկլարացիայում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացվում):
Ավելին, ՀՀ-ին կոչ է արվել վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել:
Հայաստանյան կառավարչի` արցախցիների իրավունքների պաշտպանությունից և, մասնավորապես, հավաքական վերադարձից ու ՀՀ-ի օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում, Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում, այսպես կոչված» «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը:
Ավելին, Ադրբեջանի` բանակցային գործընթացում դրսևորվող անհագ հավակնությունների պայմաններում, փաստաթղթի չստորագրվելն էլ ջարդվում է Հայաստանի գլխին:
Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն, որն ունի Հայաստանը, պարզապես հնազանդվելն ու ստացած ապտակները հանդուրժելն է»,- գրել է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո, և երեկոյան Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
Մակրոնը Փեզեշքիանի հետ իր հեռախոսազրույցում կոչ է արել «լառավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ դիվանագիտության ուղուն վերադառնալու համար»։
Փեզեշքիանն ասել է, որ Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին։
«Ամերիկան հարձակվեց մեզ վրա. ի՞նչ կանեիք դուք, եթե հայտնվեիք նման իրավիճակում: Բնականաբար, նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց ագրեսիայի համար»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ այլ բան էր ասում, սակայն գործնականում այլ կերպ վարվեց և հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա:
«Մենք ենթարկվել ենք ռազմական ագրեսիայի և անսասան կերպով պաշտպանվել ենք։ Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել և բանակցել միջազգային իրավունքի շրջանակներում, բայց տրամաբանությունն ընդունելու փոխարեն՝ մյուս կողմը պահանջեց իրանցի ժողովրդի կապիտուլյացիան։ Մեր ժողովուրդը երբեք չի հանձնվի ուժի և սպառնալիքի առջև և, բնական է, որ նրանք համապատասխանաբար կարձագանքեն ագրեսիային»,- ասել է նա։
Ելիսեյան պալատի տվյալներով՝ կիրակի օրը Մակրոնը նաև զանգահարել է Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Նախագահական գրասենյակի տվյալներով՝ նա զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, Օմանի սուլթանի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի և Կատարի էմիրի հետ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատելու համար»։
Մակրոնը առաջիկա ժամերին Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի շտապ նիստ կանցկացնի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբակոծության լույսի ներքո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ «ԱՄՆ-ն բացել է Պանդորայի արկղը», և «ոչ ոք չգիտի, թե դա ինչ նոր աղետներ և տառապանքներ կբերի»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նա ասել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր միջնորդությունը՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ և փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար, սակայն Միացյալ Նահանգները, հատկապես նրա առաջնորդները, «ակնհայտորեն, այսօր հետաքրքրված չեն դիվանագիտությամբ»։
Նեբենզյայի խոսքով՝ ԱՄՆ-ն խաղադրույք է կատարել ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա։
«Եթե մենք չդադարեցնենք սրացումը, Մերձավոր Արևելքը կհայտնվի լայնածավալ հակամարտության եզրին՝ անկանխատեսելի հետևանքներով ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար, բացի այդ, ամբողջ աշխարհը կարող է հայտնվել միջուկային աղետի եզրին», – նախազգուշացրել է Նեբենզյան։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։
Հանրապետության տարածքում հունիսի 23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 23-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների զանգվածային հարձակման հետևանքով կան զոհեր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հրետակոծությունից տուժել են Շևչենկովսկի, Պոդոլսկի, Գոլոսեևսկի, Սվյատոշինսկի, Սոլոմենսկի և Դարնիցկի շրջանները։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4, վիրավորվել առնվազն 13 մարդ», – ասված է արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարության մեջ։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է այն բանում, որ նրան հաջողվել է ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել Արևմուտքի «կեղտոտ աշխատանքը»՝ «Միացյալ Նահանգներին ներքաշելով ևս մեկ թանկարժեք և անհիմն պատերազմի մեջ»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Իրավանին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ անվանել է «միջազգային իրավունքի հստակ և կոպիտ խախտում» և նշել, որ Թեհրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը»։
Իրավանին ասել է, որ մինչ Իրանի արտգործնախարարն այս շաբաթ բանակցություններ էր վարում մի քանի եվրոպացի գործընկերների հետ, «Միացյալ Նահանգները որոշեց ոչնչացնել այդ դիվանագիտությունը»։
«Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս իրավիճակից։ Արևմտյան երկրների տեսանկյունից Իրանը պետք է «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ Սակայն, ինչպես նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը, ինչպե՞ս կարող է Իրանը վերադառնալ այն բանին, որից երբեք չի հեռացել», – ասել է Իրավանին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։
Հայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էներգաբլոկի կառուցման հսկայական ծախսերն անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։
«ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։ Այս մասին հայտնում ՍԱՏՄ-ն։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
ԱՄՆ ռազմական և հետախուզական պաշտոնյաները գրանցել են նշաններ, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ինչպես նշում է թերթը, Իրաքի իշխանությունները փորձում են համոզել խմբավորումներին զերծ մնալ հարձակումներ իրականացնելուց՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածների։