Կրեմլն ի գիտություն է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը ուկրաինական կարգավորման ժամկետների վերաբերյալ. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորման և իր շահերի ապահովման խաղաղ գործընթացին։
Խոսելով Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորության մասին՝ Պեսկովը հայտարարել է, որ այդ հարցը օրակարգում չի եղել և դեռևս չկա։
Ռուսաստանի համար ուկրաինական կարգավորման համար նոր վերջնաժամկետը կլինի 10-12 օր. այս մասին երեկ հայտնել էր Թրամփը՝ նկատի ունենալով ուկրաինական հակամարտության կարգավորման համար տված վերջնաժամկետը:
«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Շատ հիասթափված եմ նրանից», – ասել էր նա՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական տարածքներին։
FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Մոսկվա 3F315 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական վիճակի սուր վատթարացման պատճառով:
Այս մասին հայտնում են FlyOne Armenia ավիաընկերությունից: Նշվում է, որ թռիչքի անձնակազմն արագ արձագանքել է իրավիճակին՝ Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին վճռական որոշում ընդունելով ՝ ուղևորին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապօգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։
«FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Շիրակի մարզ։ Այս մասին նշված է Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Գյումրիում դեսպան Բուշին ընդունեց Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը՝ ներկայացնելով Հայ կաթողիկե եկեղեցու գործունեությունը և համայնքային կյանքը Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանության փոխանցմամբ՝ «Հայկական Կարիտասը» դեսպանին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք Գերմանիայից ստացվող օգնությամբ իրականացվում են միայնակ մայրերի, փախստականների կամ սահմանամերձ համայնքների համար։ «Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի քաղաքացիական հասարակության ընթացիկ խնդիրները ներկայացրեց «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավարը։
Օրն ամփոփվեց տպավորիչ ձեռքբերումներ արձանագրած ձկնաբուծական ընկերություն այցելությամբ, որտեղ արդեն նաև գարեջուր է պատրաստվում»,-նշել է դեսպանությունը։
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը նաև սրտանց շնորհակալություն է հայտնել ԳԴՀ Պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին և գյումրեցիներին՝ իրենց առանձնահատուկ հյուրընկալության համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 60 տարեկանը լրացած անձանց ծառայել պայմանագրային հիմունքներով։ Դրա նպատակն է ներգրավել փորձառու և մոտիվացված քաղաքացիների՝ լայնածավալ պատերազմի պայմաններում երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար, գրում է obozrevatel.com-ը։
Փաստաթուղթը Գերագույն Ռադայի կողմից ընդունվել է հուլիսի 16-ին (քվեարկել է 203 պատգամավոր) և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո։ Համապատասխան տեղեկատվությունը հասանելի է Գերագույն Ռադայի կայքում։
Փաստաթուղթը 60 տարեկանից բարձր անձանց իրավունք է տալիս կամավոր կերպով պայմանագիր կնքել Ուկրաինայի զինված ուժերում ռազմական դրության ժամանակ ծառայության համար։ Մասնավորապես, այն կարող են կնքել և՛ տղամարդիկ, և՛ կանայք, եթե նրանք ճանաչվեն ծառայության համար պիտանի՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։
Օրենքը նախատեսում է երկամսյա փորձաշրջան. այս ընթացքում ստուգվում է թեկնածուի համապատասխանությունը զինվորական ծառայության պահանջներին։ Եվ եթե անձը չի համապատասխանում չափանիշներին, պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է։ Եթե նա համապատասխանում է չափանիշներին, պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով՝ այն վերակնքելու կամ երկարաձգելու հնարավորությամբ։
Ներկայում Ուկրաինայի զորահավաքի մասին օրենսդրությունը («Զորահավաքի նախապատրաստման և զորահավաքի մասին» օրենքի 23-րդ հոդված) սահմանում է, որ 25 տարեկանից փոքր և 60 տարեկանից բարձր տղամարդիկ կարող են օրենքով հրաժարվել զորահավաքից։ Նրանք չեն կարող հարկադիր զորահավաքի ենթարկվել, եթե չեն ցանկանում կամավոր կերպով միանալ Ուկրաինայի զինված ուժերին։
Որքան էլ պաշտոնական Մոսկվան փորձի հարցը ծածկադմփոց անել, շրջանցել կամ մոռացության մատնել, միևնույնն է՝ թե Ռուսաստանում, և թե ամբողջ աշխարհում բոլորը գիտեն՝ Ղարաբաղյան պատերազմում միայն Հայաստանը չէ, որ պարտվել է, Ռուսաստանը նույնպես պարտվել է, որովհետև պարտվել է Ռուսաստանի դաշնակիցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Եթե Նիկոլական Հայաստանը սկզբում կապիտուլացվել, հետո հանձնել է Ղարաբաղը, ապա Պուտինյան Ռուսաստանը սկզբում ձևացրել է, թե Հայաստանի դաշնակիցը չէ, այլ ընդամենը միջնորդ է և խաղաղապահ, հետո խայտառակ կերպով ձախողել է միջնորդի ու խաղաղապահի իր հանձնառությունն ու առաքելությունը՝ 21-րդ դարում, փաստացի, դառնալով էթնիկ զտման ու հայրենազրկման մասնակից, այն էլ ինչպես իրենք են սիրում ասել՝ ռուսական հետնաբակ համարվող տարածքում:
Ռուսաստանն այս «թթու ջուրը» դեռ երկար է խմելու: Աշխարհում և հատկապես Ռուսաստանում դեռ հիշեցնելու են դաշնակցին «գցելու» և հանուն աշխարհաքաղաքական շահերի պետության (կամ կայսրության) հեղինակությունը զիջելու այս ցավոտ դրվագը: Իրականում մենք դեռ չգիտենք, թե Ռուսաստանն այս գինը վճարելով՝ ինչ է ստացել կամ ինչից է խուսափել: Չգիտենք նաև, թե Ռուսաստանն ինչպես է փորձելու իր հեղինակությունը վերականգնել և ինչպես է փորձելու փոխհատուցել հայերին: Այս բաց հարցերը նաև հնարավորություն են հայկական օրակարգերի համար, եթե, իհարկե, այդպիսիք կան:
Այնուամենայնիվ, պետք է ազնիվ լինել, մի կողմ դնել պոլիտկոռեկտությունն ու արձանագրել՝ Ռուսաստանը ճիշտ է՝ իր հեղինակության և բարոյականության հաշվին, բայց գործել է իր պետական շահերի համատեքստում: Ասել կուզի՝ մեր հարցերի առաջնային հասցեատերը Հայաստանում է ու նախ և առաջ Նիկոլն է: Ինչու՞ է Նիկոլը, որովհետև Նիկոլը պատերազմի դաշտում Ալևին պարտվելուց առաջ նախ պարտվել է Ալիևին Մոսկվայում:
Ալիևի ղազը դառնալուց առաջ Նիկոլը թույլ է տվել, որ Ալիևը Մոսկվայում Հայաստանն ու Արցախը դարձնի մանրադրամ ու լուծի իր խնդիրը: Այո, այո՝ հենց Մոսկվայում: Որովհետև հենց վարչապետ Նիկոլն էր 2018-ի ամռանը Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ կոկորդը պատռում, թե «եթե Ռուսաստանը չցանկանա, պատերազմ չի լինի»: Նիկոլը Մոսկվայում թույլ է տվել Ալիևին անել այն, ինչը թույլ չեն տվել Հայաստանի նախկին երեք ղեկավարները, ովքեր իրենց քաղաքականությամբ, եթե կուզեք՝ դրվածքով, այնպես են արել, որ Մոսկվայում դաշնակցին «գցելու» գայթակղություն չառաջանա:
Ինչու՞ եմ այս մտքերը հրապարակայնացնում, որովհետև համոզված եմ՝ Հարավային Կովկասում Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ Ռուսաստանից բացի այլ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող: Մնացածը՝ Արևմուտք, Իրան, Չինաստան, Հնդկաստան և այլն, կարող են լավագույն դեպքում լինել Հայաստանի բարեկամները, բայց ոչ երբեք ռազմաքաղաքան դաշնակիցները:
Այս մտքերը հրապարակայնացնում եմ, որովհետև համոզված եմ՝ Արցախի հարցը փակ չէ, ընդհանրապես՝ Հայկական հարցը փակ չէ ու Հարավային Կովկասում ներկայության համատեքստում հոգեվարքի մեջ գտնվող Ռուսաստանը մի օր վերադառնալու է տարածաշրջան:
Չկասկածեք, երբ Ռուսաստանը վերադառնա, Ալիևի ղազը հաշված օրերի ընթացքում վարչապետի աթոռից թռնելու է, որովհետև նա այլևս ոչ մեկին պետք չի լինելու: Երբ ժամանակը գա, Մոսկվան այլընտրանք չունի՝ Հայաստանով խաղալու է, բայց այդ խաղը հնարավոր չէ խաղալ փալասացված պերսոնաժներով: Այս մասին իմացողները գիտեն, բայց առանձնապես չեն խոսում, երևի այո՝ այս պահին իմաստ չկա:
Բայց իմաստ կա քննարկելու և օրակարգային խնդիր դարձնելու երկու հարց՝
1. Որպես բարոյական փոխահատուցում՝ ի՞նչ ենք ակնկալելու Ռուսաստանից և Ղարաբաղի հարցում ի՞նչ ճանապարհով ենք գնալու՝ Հայկական Երկրորդ Հանրապետություն ունենալու՞, թե՞ մարզի կարգավիճակով ուղիղ անեքսիայի:
2. Ի՞նչ ենք անելու, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դաշնակցին՝ Հայաստանին, այլևս երբեք «չգցի»: Մոտավորապես այնպես, ինչպես Ամերիկան չի «գցում» իր դաշնակից Իսրայելին, ինչքան էլ, որ հաճախ նրանց շահերը չեն համընկնում:
Համոզված եմ՝ սրանք ապագա Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության կրիտիկական հարցերն են և դրական արդյունք ունենալու համար այս հարցերի պատասխանները պետք է գտնել օր առաջ: Իսկ ով կփորձի այս հարցերը շրջանցելով՝ իշխանություն դառնալու դրոշակ բարձրացնել, իմացեք՝ կամ շառլատան է կամ էլ Նիկոլի գործակից»,-գրել է նա:
Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին. այս մասին, iribnews.ir-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին երեկ SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և մտահոգություն հայտնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի առնչությամբ։
«Հայաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է։ Իրանը միշտ ունեցել է լավագույն հարաբերություններ Հայաստանի հետ՝ անկախ այնտեղ եղած իշխանություններից։ Հայաստանն Իրանը Եվրոպային կապող դարպասն է: Եթե այն, ինչ որոշ շրջանակներում շրջանառվում է որպես «Զանգեզուրի միջանցք», իրագործվի, ապա մենք կկորցնենք մի հարևան, և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կփոխվի, ինչը հակասում է մեր ազգային շահերին: Մենք չենք հանդուրժի մեր շահերին սպառնացող որևէ բան։ Անկախ պայմաններից՝ կպաշտպանենք մեր շահերը», - ասել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանի ներկա իշխանությունները միևնույն դիրքորոշումն ունեն այս հարցում։
«Այս պահին Հայաստանում իշխող կառավարությունը որոշ թուլություններ ունի, և մենք արդեն տեսել ենք, որ նրանք բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի դիրքորոշումն ու մեր դիրքորոշումը մինչ օրս նույնն է և որևէ փոփոխություն չի եղել։ Շատ երկրներ, նույնիսկ եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, որոնց հետ մենք այլ ոլորտներում հակասություններ ունենք, այս հարցում մեզ հետ նույն դիրքորոշումն ունեն։ Սակայն կա որոշակի բարդություն՝ Ադրբեջանին աջակցող գաղտնի հովանավորներ կան։ Մենք սկզբունքորեն կարծում ենք, որ այս տարածաշրջանի և Կովկասի խնդիրները պետք է լուծեն հենց տեղացիներն ու տարածաշրջանի երկրները։ Այլ ուժերի միջամտությունը վերջին տարիներին միայն ճգնաժամեր և խնդիրներ է առաջացրել ու խոչընդոտել է դրանց լուծմանը։ Եթե խնդիրը վստահեն հենց Կովկասի երկրների ձեռքը, իմ կարծիքով՝ այն լուծելի է, եթե ուրիշները չխթանեն և զենք չմատակարարեն որոշ երկրներին, և միջամտություն չլինի», - եզրափակել է Ռեզաին:
Չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից:
Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 28-ին հայտարարել էր, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով թռիչքների ժամանակացույցը կարող է փոփոխվել, չվերթները կարող են հետաձգվել կամ չեղարկվել։
Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել՝ համատեղ շահերն ապահովելու համար. այս մասին, ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Եթե մենք ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ: Այսօր ավելի քան երբևէ պետք է բարելավենք կապերը հարևան և տարածաշրջանային պետությունների հետ», -ընդգծել է Իրանի նախագահը:
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Երևանում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի և 30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
Չինական Temu առցանց հարթակը Եվրամիությունից կարող է խոշոր տուգանքի ենթարկվել՝ մինչև իր համաշխարհային շրջանառության 6%-ը։ Պատճառն այն է, որ, ըստ Եվրահանձնաժողովի, ծառայությունը խախտում է «Թվային ծառայությունների մասին» օրենքը։ Բրյուսելը կարծում է, որ ԵՄ օգտատերերը մեծ ռիսկի են ենթարկվում այս կայքում անօրինական կամ վտանգավոր ապրանքներ գնելու հարցում, գրում է Bild-ը։
«ԵՄ-ում ինտերնետում սպառողների անվտանգությունը սակարկությունների առարկա չէ», - ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը։
Temu-ի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Եվրոպական հանձնաժողովը ուսումնասիրում է ոչ միայն ապրանքների տեսականին, այլև հարթակի ինտերֆեյսը. այն կարող է կախվածություն առաջացնել գնորդների մոտ և մղել նրանց ոչ նպատակային ծախսերի։
Temu-ն նաև լրացուցիչ քննադատության է ենթրակվել եվրոպական սպառողների պաշտպանության կազմակերպությունների կողմից: Նրանց խոսքով՝ հարթակը կիրառում է կասկածելի մեթոդներ՝ սկսած կեղծ արձագանքներից և կեղծ զեղչերից մինչև ապրանքների վերադարձի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը: Գնորդներին նաև մոլորեցնում են «Մնացել է միայն 2 հատ» նման հաղորդագրությունները: