«ԱրՔա» ազգային վճարային համակարգի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Արմենիան քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 11:46–ից համակարգում ծառայություններն անհասանելի են դարձել։
«Ժամը 15:25-ից համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունը ներողություն է խնդրել պատճառված հնարավոր անհարմարությունների համար։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիության 9 երկիր արդեն պաշտոնապես խնդրել է նոր մեխանիզմի շրջանակներում վարկեր հատկացնել զենք գնելու համար: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենիեն։
«Ես արդեն կարող եմ ասել, որ ինն անդամ պետություն պաշտոնապես հայտարարել են փոխառություններ ստանալու իրենց շահագրգռվածության մասին։ Դրանք են Բելգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Հունգարիան և Լիտվան։ Սա նախնական ցանկն է», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հավելել է՝ ակնկալվում է, որ ԵՄ մոտավորապես քսան երկիր կարող է դիմել նման վարկերի համար։
Եվրահանձնաժողովը մարտի 19-ին ներկայացրել է իր նոր պաշտպանական ռազմավարությունը՝ «Եվրոպայի վերազինումը»։ Ավելի ուշ փաստաթղթի անվանումը ԵՄ մի շարք անդամ երկրների բողոքի պատճառով փոխվել է և վերանվանվել «Պատրաստվածություն-2030»։ Ռազմավարությունը նախատեսում է չորս տարվա ընթացքում ներգրավել մոտավորապես 800 միլիարդ եվրո։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ երկու պետությունների լուծումը, որը հիմնված է բանակցությունների վրա, իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտության դադարեցման, խաղաղության և անվտանգության հասնելու լավագույն միջոցն է։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, Գերմանիայի կառավարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է Բեռլինում Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ մամլո ասուլիսի ընթացքում։
«Այնուամենայնիվ այս պահին մենք Պաղեստինի պետության ճանաչումը չենք համարում ճիշտ քայլ», – ընդգծել է Մերցը՝ նշելով, որ դա կարճաժամկետ հեռանկար է։
Այս փուլում Բեռլինը նպատակահարմար է համարում կենտրոնանալ անհետաձգելի հարցերի լուծման վրա: Ըստ Մերցի՝ խոսքը վերաբերում է հրադադարին և Գազայի հատվածում պատանդների, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացիների ազատ արձակմանը:
Մերցը նաև նշել է պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման զինաթափման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ ահաբեկչությունը պետք է դադարեցվի։ Մերցը նաև կարծում է, որ Իսրայելը պետք է արագ և վճռականորեն բարելավի Գազայի խաղաղ բնակչության վիճակը։
Ուկրաինայի զինված ուժերինախկին գլխավոր հրամանատար, իսկ այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան ՎալերիԶալուժնին Ուկրաինայի նախագահի պաշտոնի նախընտրելի թեկնածուն է։ Ալպյան հանգստավայրում փաստացի «տեղի են ունեցել նոր նախագահի ընտրություններ»։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը:
Ռուսական հետախուզության տվյալների համաձայն` ալպյան հանգստավայրերից մեկում վերջերս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Երմակի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Զալուժնիի մասնակցությամբ: Օրակարգում է եղել Զելենսկուն փոխարինելու հարցը։
«Հանդիպման բոլոր ներկաներըհամակարծիք էին, որ հարցը վաղուց է հասունացել։ Զելենսկու փոփոխությունը, ըստ էության, դարձել է արևմտյան գործընկերների, առաջին հերթին Վաշինգտոնի հետ Կիևի հարաբերությունների «վերագործարկման» և Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինային արևմտյան օգնությունը շարունակելու հիմնական պայմանը: Ամերիկացիներն ու բրիտանացիները հայտնել են Զալուժնիին Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու որոշման մասին: Երմակը և Բուդանովը «հովանու տակ են առնված»», - ասվում է ՌԴ հետախուզական ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդ որում, հանդիպման մասնակիցներին անգլոսաքսերը խոստացել են պահպանել նրանց ներկայիս պաշտոնները, ինչպես նաև կադրային այլ հարցեր լուծելիս հաշվի առնել վերջիներիս շահերը։
«Զալուժնիի համար քաղաքական դաշտը մաքրելով՝ Երմակը փաստի առաջ է կանգնեցրել Զելենսկուն՝ համոզելով նրան, որ նման քայլըչի փչացնիԿիևի հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ, բայց իրականում Արևմուտքի համար առիթ է ստեղծել՝ սկսելու «ժողովրդավարության վրա հարձակված ժամկետանց»-ին իշխանությունից հեռացնելու համար արշավը»։- ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ:
Այսպիսով, ալպյան հանգստավայրում փաստացի կայացել են Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունները: Մի՞թե այդպես էին ուկրաինացիները պատկերացնում «ժողովրդավարության և անկախության» հաղթանակը, որի մասին այդքան երազում էին։
Թուրքական «Baykar» ընկերությունն անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերի թռիչքների սիմուլյացիա է իրականացրել Հայաստանի հետ սահմանին, գրում է «Հետպատերազմ» Տելեգրամ–ալիքը:
«Fligthradar» սերվիսից արված սքրիշոթերից մեկում երևում է, որ անօդաչուի սիմուլյացիան հայտնվում է նախ թուրքական Իզմիրի մերձակայքում, ապա Նախիջևանում, իսկ ավելի ուշ՝ Եվլախի շրջանում:
Երկրորդ սքրինշոթում երևում է ԱԹՍ-ի թռիչքն արդեն Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ Տավուշում։
«Baykar» ընկերության կայքում հաղորդվում է, որ սիմուլյացիաները թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերի օպերատորներին փորձարկումներ իրականացնել առանց անվտանգային ռիսկերի: Կա նաև «վտանգավոր սցենարների իրականացման հնարավորություն, որոնք պետք է ստուգվեն թռիչքի ժամանակ»:
Ըստ ամենայնի` իրական պայմաններին առավելագույն մոտ լինելլու համար ԱԹՍ-ների թռիչքները ցուցադրվում են նույնիսկ ռադարների վրա։
Ավստրիա-Գերմանիա սահմանին գտնվող Կրոյց մայրուղում ձերբակալվել են լեհական համարանիշով մեքենայով Վրաստանի հինգ քաղաքացիներ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Բացի վարորդից, ուղևորներից ոչ մեկն անձը հաստատող պատշաճ փաստաթուղթ չի ունեցել։ Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ` կասկածներ են առաջացել, որ մարդկանց անօրինական առևտրի խնդիր կա։ Ուղևորներին ոստիկանական բաժանմունք տանելուց հետո պարզվել է, որ տրանսպորտային միջոցի վարորդի դեմ նախկինում նույնպես նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել։
Ըստ գերմանական լրատվամիջոցների` կին ուղևորները 34-ից 60 տարեկան են։ Նրանք Գերմանիա տեղափոխվելուց առաջ երկար ժամանակ ապրել են Իտալիայում։
Չնայած այն հանգամանքին, որ մեքենայի վարորդը՝ Վրաստանի քաղաքացի տղամարդը, ունեցել է Գերմանիա մուտք գործելու և բնակվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, նրան հետ են ուղարկել, քանի որ դաշնային ոստիկանությունը վերջինիս համարել է սպառնալիք հասարակական անվտանգության և կարգուկանոնի առումով։ Չորս վրացի կանանց մեղադրանք է առաջադրվել երկիր անօրինական մուտք գործելու փորձի համար։ Նրանց հարկադրաբար վերադարձրել են Ավստրիա։
Վրաստանում բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են անխափան, իսկ մաքսավորները մշտական կապ են պահպանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները գրել էին ամբողջ երկրում մաքսային հսկողության համակարգի աշխատանքի խափանման մասին: Եկամուտների ծառայությունը հերքել է այս տեղեկությունը։
«Պետական սահմանը հատող անձանց, ինչպես նաև բեռների ներմուծման և արտահանման նկատմամբ մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերն իրականացվում են անխափան», - պարզաբանել են գերատեսչությունում:
Ընդ որում, շուրջօրյա անխափան աշխատանք ապահովելու համար երկրի բոլոր սահմանային կետերում ավելացել է մաքսային ծառայողների թիվը։
Վրաստանի տարածքով արտահանման և ներմուծման հոսքերի համատեղ կառավարման նպատակով եկամուտների ծառայության աշխատակիցները սերտ կապի մեջ են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների հետ:
Եվրոպական խորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել երկրի հետ կնքված առևտրային համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։
Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրներ պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ պահանջելով, որ Բրյուսելը վճռական գործողություններ ձեռնարկի Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի հետ կապված։
Ինչպես հաղորդվում է, Եվրախորհրդարանի պատգամավորները ուղղակիորեն կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ, ինչպես նաև կասեցնել ԵՄ-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը։ 2000 թվականին ուժի մեջ մտած փաստաթուղթը հրեական պետությանը տալիս է առևտրային արտոնություններ համայնքում, ինչպես նաև հասանելիություն մի շարք եվրոպական ֆինանսավորման ծրագրերին։
Երեխաներին հասցեագրված գովազդը Հայաստանում կարգելվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ հիշեցնելով, որ օգոստոսի 1–ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների հիմնական դրույթները։
Բացի այդ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ կարգելվի ապակողմնորոշող կամ ագրեսիվ գովազդը։
«Ապակողմնորոշող գովազդ ասելով հիմնականում նկատի ունենք ապրանքների զեղչերի մասին ազդարարումը, երբ, օրինակ, համընդհանուր զեղչի անվան տակ այն վերաբերելի է դառնում կոնկրետ մեկ ապրանքի համար։ Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են նաև ակցիաներին, երբ, օրինակ, հայտարարվում է, որ ապրանքը վաճառվում է լիկվիդացիոն գներով` չնայած խանութն իրականում չի փակվում»,– նշեց Մարկոսյանը:
ՄՊՀ անդամը զգուշացրեց, որ այս կանոնների խախտման համար տնտեսվարողից կգանձվի շրջանառության մինչև 5 % տուգանք։ Կախված խախտումների ծանրությունից` տուգանքը կարող է հաշվարկվել ցանկացած մեկ կամ բոլոր ապրանքների վաճառքից:
Նա տեղեկացրեց, որ ըստ օրենսդրական նոր փոփոխությունների՝ հանձնաժողովը կունենա նոր անվանում` մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողով։ Բացի այդ, կընդլայնվեն նաև հանձնաժողովի գործառույթները։ Մարկոսյանը տեղեկացրեց, որ սպառողների իրավունքների խախտումները հետաքննելու համար կավելանա նաև հանձնաժողովի աշխատակազմը։
Բայց և ընդգծեց, որ հանձնաժողովը չի քննելու ՀՀ կենտրոնական բանկի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորման ոլորտում առկա խախտումները, եթե դրանց արդյունքում սպառողը տուժել է:
Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազային մարդասիրական օգնության տրամադրումը և ռազմական գործողություններ իրականացնի անկլավում, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք պաշտպանել երկու պետությունների լուծման կենսունակությունը և, հետևաբար, կճանաչենք Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ, եթե Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայի սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար և չպարտավորվի երկարաժամկետ, կայուն խաղաղության հասնել, այդ թվում՝ թույլ տալով ՄԱԿ-ին անհապաղ վերսկսել մարդասիրական օգնությունը՝ Գազայում սովին վերջ դնելու համար, համաձայնելով հրադադարի և հստակեցնելով, որ Արևմտյան ափի որևէ հատվածի բռնակցում չի լինի», – ասվում է հայտարարության մեջ։