ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին 10-ից 12 օր է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը նա լրագրողներին հայտնել էր, որ հիասթափված է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինից, և որ կրճատում է հակամարտությունը կարգավորելու համար նրան տրված 50-օրյա ժամկետը։ Լրագրողները խնդրել են հստակեցնել՝ ինչ ժամկետի մասին է խոսքը:
«Ես նոր վերջնաժամկետ կսահմանեմ՝ 10 կամ 12 օր՝ սկսած այսօրվանից», – ասել է Թրամփը՝ նշելով, որ այդ մասին կհայտարարի այսօր կամ վաղը:
«Սպասելու պատճառ չկա…. Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Հուլիսի 14-ին Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլուծվի 50 օրվա ընթացքում, ապա երկրորդային մաքսատուրքեր կսահմանվեն Մոսկվայի նկատմամբ, ինչը նշանակում է, որ մաքսատուրքերը կտարածվեն Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա: