ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Որոշումը կայացվեց այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2015–2019 թվականներին մի քանի հազար տաքսիստներ ընդհանուր առմամբ մոտ 930 մլն դրամ պարտք են կուտակել: 2019 թվականից այդ տուրքերը դադարել են գործել, բայց քանի որ շատերը չեն մարել դրանք, դրանց վրա կուտակվել են 415 մլն դրամի տուգանքներ ու տույժեր։
Գործադիր մարմինը որոշել է ներել այդ պարտքերը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. ավարտը նշված տուրքերի գանձումները կկազմեն շուրջ 330 մլն դրամ։
Նշենք, որ ուղևորափոխադրումների տուրքը կանխիկ վճարման դեպքում 2025 թ. հունվարի 1–ից կազմում է 3,5%, իսկ 2026 թ. հունվարի 1–ից կկազմի 5% , անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 2,5% և 4%:
ԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը նախատեսվում է հաստատել սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ՌԴ–ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ միության միջազգային գործունեության առաջնահերթությունների վերաբերյալ։ Նրանք մտքեր են փոխանակել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի շրջանակում համագործակցության հեռանկարային ոլորտների վերաբերյալ։
«ԵՏՀ կոլեգիայի նախագահը հայտնել է, որ հանձնաժողովը մեծ նշանակություն է տալիս 2025-2028 թվականների համար ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի մանրամասն մշակմանը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի Համատեղ կոմիտեի` 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նիստում։ Սա թույլ կտա համակարգված առաջընթաց ապահովել փոխգործակցության բոլոր նախատեսված ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սագինտաևն ընդգծել է, որ նոր ձևաչափի շնորհիվ ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի են հասել։
«Մենք զգալի առաջընթաց ենք տեսնում մեր երկրների ապրանքաշրջանառության մեջ, որը 2024 թվականին աճել է 14,6%-ով՝ կազմելով 5,9 մլրդ դոլար։ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանումն աճել է 18%-ով», – ասել է Սագինտաևը։
Զրուցակիցները նշել են, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մեծ ներուժ ունեն մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար` տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ, գյուղատնտեսական արդյունաբերություն, նավթավերամշակում և նավթաքիմիական արդյունաբերություն։
«Ռուսական մարդասիրական առաքելությունը» և «Եվրասիա» ՀԿ–ն Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո այսօր սկսել են Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն առաքելու լայնածավալ նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը։
Ակցիայի առաջին փուլը կիրականացվի օգոստոսի ընթացքում։ Ակցիան կընդգրկի շուրջ 30 հազար բռնի տեղահանվածների, որոնց ավելի քան 140 տոննա օգնություն կբաժանվի։
Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։
Պրոնինի խոսքով՝ սննդի փաթեթների և անձնական հիգիենայի պարագաների հետ մեկտեղ, այս անգամ կլինեն նաև փաթեթներ` նախատեսված փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Դրանցում կլինեն մանկական սնունդ (խյուսեր, շիլաներ, քաղցրավենիք) և խնամքի միջոցներ։
«Թիրախային լսարանը ձևավորելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել մեկ կամ երկու կերակրող կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին»,- նշեց «Ռուսական մարդասիրական առաքելության» ներկայացուցիչը։
«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան իր հերթին ընդգծեց, որ նման ակցիաներն ավելի արդյունավետ են, քան պաշտոնական միջոցառումները, քանի որ ցույց են տալիս, որ ժողովուրդների միջև համագործակցության հիմքում ընդհանուր շահերն են, բարեկամությունն ու շփվելու ցանկությունը։
Նա նաև հավելեց, որ մարդասիրական ուղղությունը «Եվրասիա» ՀԿ-ի հիմնական ուղղություններից մեկն է։
«Ինքս Մերձդնեստրից եմ և շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ոչինչ անել չես կարող», –ասաց Արշինովան։
Նա նշեց, որ «Եվրասիա» ՀԿ-ն վստահության կամուրջներ է կառուցում մարդասիրական նախագծերի միջոցով։
Շուրջ 140 տոննա սնունդը և անձնական հիգիենայի պարագաները կուղղվեն առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներ, տարեցներ ունեցող ընտանիքներ և կերակրողին կորցրած ընտանիքներ։ Նրանք կստանան սննդի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթ, որոնք կներառեն ձավարեղեն, մակարոնեղեն, շաքարավազ, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, կարագ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակ։ Առանձին հավաքվել են փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սննդով, շիլաներով, խյուսերով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով և տակդիրներով։
Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, բարձրացրել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին բանակցություններ են վարում Մոսկվայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սա նախարարների առաջին պաշտոնական հանդիպումն է Ռուսաստանի մայրաքաղաքում։
Սիրիայի նախարարի այցի մասին նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը:
Աքգյունը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով. «Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։
Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993 թվականից: Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Այս խաղաղությունից բոլորը կշահեն, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։
Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել հարմար պահին Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում: Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Վաչագան քահանա Գյուրջյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Կաթողիկոսական գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմում։
Ամենամեծ տուժողը այս պատմության որակյալ արտադրանք տվողն է, և մենք պիտի շատ հոգատար լինենք մեր արտադրանքի ռեպուտացիայի նկատմամբ, որովհետև մեկ անորակ խմբաքանակի պատմությունը մամուլում սկսում է շրջանառվել, թափառել և դառնալ գնահատական ընդհանուր արտադրանքի մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով արտահանվող կոնյակի որակին։
«Սա անթույլատրելի է ուղղակի։ Այդքան խոսում ենք կոնյակի մասին, բայց ես վստահ եմ, որ 95 և ավել տոկոս արտադրանքը որակյալ արտադրանք է։ Պիտի շատ ուշադիր լինենք, ես տեսել եմ դեպք, երբ հայկական կոնյակ արտադրվել է ոչ Հայաստանում և վաճառվում է։ Բնականաբար, այդ որակի գնահատման ազդեցությունը սկսում է տարածվել մեր արտադրանքի վրա, դա էլ է պրոբլեմ, որը պիտի մեխանիզմ գտնենք՝ ոնց մոնիտորինգ անենք։
Դա գյուղմթերքին էլ է վերաբերվում, ես գիտեմ շուկաներ, որտեղ ոչ հայկական գյուղ մթերքը վաճառվում է որպես հայկական, որովհետև հայկական տվյալ արտադրանքը ունի լավ ռեպուտացիա։ Այստեղ էլ պիտի շատ ուշադիր լինեք»,– ընդգծեց Մհեր Գրիգորյանը։
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում սահմանեց Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը։
Մասնավորապես, ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա` զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն օրենքի հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա, որի ցանկը սահմանում է Կառավարությունը։
Նշվում է, որ այս որոշման ընդունումը բխում է ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրից։
Եթե մեր կարգավորումները հատկապես IT ծառայությունների մասով նուրբ, համապարփակ, մտածված չլինեն, վիրտուալ տիրույթում ձևավորվող արտադրանքի ֆինիշինգ կոչվածը ուղղակի մենք չենք տեսնի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչալպետ Մհեր Գրիգորյանը։
«Այդ իմաստով, իհարկե, ֆիզիկական ապրանքների շարժը և արտադրությունը մի հարց է, բայց ես համաձայն եմ, որ պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչ ռեակցիա է տալիս ծառայություն արտադրողը այս ռազմավարությանը։ Անընդհատ պիտի մոնիտորինգի տակ ունենանք այս հարցը, որպեսզի չունենանք գործողություններ և կարգավորումներ, որ ուղղակի վիրտուալ տիրույթում արտադրության վայրը կփոխվի, և մենք ուղղակի չենք ունենա այդ արտադրանքը և չենք ունենա այդ արտահանելիությունը։ Այս իմաստով, իհարկե, անելիքները շատ են այստեղ»,–ասաց նա։
Փոխվարչապետը նաև դիմեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ նշելով. «Պարոն Պապոյան, ուղղակի ուզում եմ ընդգծեմ, մենք որակի ստանդարտ և ստանդարտի սերտիֆիկացման ինստիտուտները, եթե լիարժեք չունենանք, ենթակառուցվածքային զարգացումը ոչ մի արդյունք մեզ չի տալու։ Ես կարծում եմ, դա զուգահեռ գնացող ենթակառուցվածքային լուծման սուրբ անհրաժեշտություն է այսօր։ Այսօր արտահանման հետ կապված պրոբլեմների 99%-ը մենք սովորել ենք ասել, որ լոգիստիկ խնդիրներից է գալիս, բայց ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ գալիս են որակի ստանդարտից։ Ընդ որում, ես չեմ բացառում, որ մենք ունենք շատ որակյալ արտադրանք, բայց չունենք որակը սերտիֆիկացնելու մշակույթ, սերտիֆիկացնելու այն ձևաչափով, որ այլ երկրի սպառողի համար հասկանալի լինի, որ սա որակյալ արտադրանք է»։