Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Գեներալ Վահիդի.
- Մենք պատրաստ ենք երկարատև և լայնածավալ պատերազմի /
- Շուտով կներկայացնենք մեր նոր ստեղծագործական լուծումները
- Մենք հաշվի ենք առել բոլոր հնարավոր սցենարները և պատրաստ ենք պատերազմի ցանկացած իրավիճակի։
- Հրթիռային պաշարների կրճատումը կատակ է. մենք դեռևս լիովին չենք օգտագործել մեր ռազմավարական հրթիռային հնարավորությունները. երբ անհրաժեշտ համարենք, կգործարկենք ժամանակակից համակարգեր, և հրթիռների նոր սերունդները դրա միայն մի մասն են։
- Մենք չենք վախենում երկարատև պատերազմից. առաջիկա օրերին աշխարհը կտեսնի, թե որքան ստեղծագործաբար է Իրանը մտնելու մարտի մեջ։
- Բոլոր ճակատներում իրավիճակը կբարելավվի ամեն օր, և մենք կարող ենք օգտագործել նաև մեր մյուս ռեսուրսները։
- Սիոնիստական ռեժիմին հարվածելու մեր հնարավորությունները շատ լայն են, և մոտ ապագայում բոլորը կտեսնեն, թե ինչ ուժ և ներուժ ունեն Իրանի զինված ուժերը տարբեր ոլորտներում։
Իսրայելում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները պետք է լքեն երկիրը մինչև իրավիճակի նորմալացում, «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը։
Վիկտորովը հիշեցրել է, որ կան մի քանի տարբերակներ, որոնք կօգնեն ռուսներին լքել Իսրայելը և վերադառնալ Ռուսաստան։ «Էյլաթի մոտակայքում կա սահմանային անցակետ, որտեղից կարող եք 24 ժամ շարունակ անցնել Եգիպտոս, որտեղից կարող եք մեկնել Շարմ էլ Շեյխ կամ Կահիրե և «Աէրոֆլոտ»-ի չվերթներով վերադառնալ տուն», - ասել է նա՝ հավելելով, որ մի քանի տասնյակ Ռուսաստանի քաղաքացիներ արդեն օգտվել են այս երթուղուց, հաղորդում է RBK-ն։
Տաբա սահմանային անցակետը ծառայում է որպես ցամաքային սահմանային անցակետ Իսրայելի Էյլաթի և Եգիպտոսի Տաբա քաղաքի միջև։ Այն գտնվում է Էյլաթի հարավային ափի ամենահարավային կետում՝ Կարմիր ծովի և Էյլաթի լեռների միջև, քաղաքից մոտավորապես 10 կմ հարավ։
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին: Այս մասին հայտնում է NourNews լրատվական կայքը։
Իսրայելի հարվածի պահը, ըստ իրանական լրատվամիջոցների, IRIB պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի վրա ուղիղ հեռարձակվել է լուրերի ուղիղ եթերում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը «հրատապ նախազգուշացում» էր արել Թեհրանի երրորդ շրջանի բնակիչներին։
«Առաջիկա ժամերին Իսրայելի պաշտպանության բանակը կգործի այս տարածքում, ինչպես դա արել է վերջին օրերին ողջ Թեհրանում՝ նպատակ ունենալով թիրախավորել իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքը»,- X սոցիալական ցանցում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը։
Հաղորդագրությանը կցված է այն տարածքի քարտեզը, որտեղից Իսրայելի պաշտպանության բանակը խորհուրդ է տալիս անհապաղ տարհանել:
Իսրայելի ռազմական գործողության նպատակն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ղեկավարությանը հեռացնելը չէ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Ռեժիմը փոխելու նպատակ չկա։ Այս գործողության մեջ Իսրայելի նպատակը դա չէ», - հունիսի 16-ին լրագրողներին ասել է Գալպերինը։
Նրա խոսքով՝ Իսրայելի դիրքորոշման համաձայն՝ քաղաքական իշխանության հարցը պետք է որոշի Իրանի ժողովուրդը։ Բացի այդ, Իսրայելը գործողության ստույգ ժամկետներ և գործողության սահմաններ չի դնում, հայտարարել է դեսպանը։
Պակիստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի։
Լուրը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Իրանի Առողջապահության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ:
Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին և ծրագրվող շփումներին, այդ թվում՝ ի շարունակություն 2024 թ. նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Հելսինկի կատարած այցի:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Իսրայելի ագրեսիվ ռեժիմի կողմից իրականացված ևս մեկ հանցագործություն. Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի Ֆարաբի հիվանդանոցը դարձել է Իսրայելի ռեժիմի ագրեսիվ հարձակումների թիրախ։ Հիվանդանոցների վրա հարձակումը բնակելի տարածքների հետ մեկտեղ միջազգային կանոնների կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն, սակայն սա ռեժիմի պաշտպանության նախարարի կողմից տրված հրահանգ է՝ հարձակվել բնակելի տարածքների վրա։ Պատմությունը խստորեն կդատի այս ագրեսիվ և ցեղասպան ռեժիմի կողմնակիցներին և արդարացնողներին»։
ԱՄՆ-ը պետք է կանգնեցնի Իսրայելի հարձակումները Թեհրանի վրա՝ բանակցությունները վերսկսելու համար:
Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վերսկսել բանակցությունները, ապա նախ պետք է դադարեցնի Իսրայելի տարածաշրջանային ագրեսիան»,- ասել է նա։
Փեզեշքիանը հավելել է, որ «Իրանը չի ձգտում ընդլայնել պատերազմը», սակայն կպատասխանի «իրանական հողի վրա ցանկացած հարձակման»։