ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ամերիկացի գործընկերոջ հետ, և մենք միմյանց համար հնարավորություն ենք վերապահել ցանկացած պահի զանգահարել և քննարկել հետաքրքրող հարցերը»,- ասել է Նարիշկինը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին:
Երկարատև ընդմիջումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարներ Սերգեյ Նարիշկինը և Ջոն Ռեթքլիֆը վերսկսել են ուղիղ շփումները: 2025 թ-ի մարտին նրանք երկու տարվա ընթացքում առաջին հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են կապ պահպանել անվտանգության առանցքային հարցերի շուրջ։
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին, հաղորդում է Միլի Մեջլիսը։
Հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում։
Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է երկու ադրբեջանցիների՝ նախորդ տարիների սպանությունների գործի շրջանակում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դատարանը կալանքի տակ է վերցրել Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին՝ կազմակերպված խմբի կողմից նախնական դավադրությամբ կատարված սպանության մեղադրանքով:
Քննության վարկածով՝ նրանք հանցախմբի կազմում են եղել, որը ներգրավված է եղել 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգի տարածքում կատարված մի շարք ծանր հանցագործությունների մեջ:
ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում հանցախմբի անդամների ձերբակալության մասին: Մի քանի կասկածյալներ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, համագործակցում են քննության հետ, խուզարկություններ են կատարվել նշված անձանց բնակության վայրերում:
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի գրառմանը, նշել է․ «Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ։
Ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղարշրջան կողմնակից լինե՞ս։ Ընդդեմ ավտոբուս վառողների բառ չարտասանե՞ս։
Գուցե լավ չի՞ ընկալել փաստերը։ Պատահում է։
Աստվածաշունչն իզուր չի զգուշացնում.
«Պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք։
Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք»։
Այսօր Անթալիայի Կալեիչի պատմական թաղամասում գտնվող հյուրանոցում հրդեհ է բռնկվել, հայտնում է թուրքական Iha լրատվամիջոցը։
Նշվում է, որ հրդեհը սկսվել է ժամը 12:00-ի սահմաններում Կալեիչի պատմական թաղամասի Ուզունչարշը փողոցում գտնվող հյուրանոցում։ Քամու պատճառով արագ բորբոքվող հրդեհը տարածվել է հյուրանոցի հարևանությամբ և հետնամասում գտնվող երկու այլ շինության վրա։ Անթալիայի քաղաքապետարանի Կալեիչիի հրշեջ մասն առաջին միջամտությունն իրականացրել է 3 րոպեի ընթացքում։
Թեև հրդեհի բռնկման պահին հյուրանոցի մի քանի հաճախորդներ տարհանվել են, հրդեհաշիջման աշխատանքները շարունակում են 10 հրշեջ մեքենա և 35 հրշեջ։
Հաղորդվում է, որ հյուրանոցում և հարակից շինություններից մեկում հրդեհը մասամբ մեկուսացվել է, սակայն մյուսում այն շարունակվում է, և ջանքեր են գործադրվում՝ թույլ չտալու դրա տարածումը այլ աշխատանքային տարածքների վրա։
Օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն իր աջակցությունն է հայտնել Միքայել Սրբազանին, ով կալանքի տակ է։
«Մինչև 2017 թիվը սրբազան Միքայել Աջապահյանի հետ ծանոթ չէի։ Այդ տարիներին դեռ Վիեննայում էի ապրում։
Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ, մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել՝ պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։ Միայն մեկ բան խնդրեց. հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է…լեփլեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ Ուխտս ի կատար ածվեց։
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում…
ետ բերեք իմ երազի օրերը…»,- նշել է Պապյանը։
Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկացել է հավաստի աղբյուրից։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ տեղափոխել են ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, կամ ինչպես ընդունված է ասել՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ մարդկանց պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։ Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, ով օրեր առաջ կալանքի էր տարել նաև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով նույնպես գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։
Բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկում են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում։ Եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում»,– գրում է կայքը։
Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում կասկած հայտնելով՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին նախազգուշացրել է ցանկացած նոր ագրեսիայի դեպքում Թեհրանի կոշտ պատասխանի մասին, հայտնում է Tasnim-ը։
Կիրակի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցում գեներալ-մայոր Մուսավին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ 12-օրյա պատերազմը։
Իրանցի բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ են ձեռնարկել Իսլամական Հանրապետության դեմ այն դեպքում, երբ Իրանը զսպվածություն էր ցուցաբերում, քանի որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցություններ էին ընթանում։
Իրանի հետ 12-օրյա պատերազմն ապացուցեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն պահպանում որևէ միջազգային կանոն ու նորմ, հայտարարել է գեներալը։
«Քանի որ լիովին կասկածում ենք, որ հակառակորդը կպահպանի իր պարտավորությունները, այդ թվում՝ հրադադարը, պատրաստ ենք նրան կոշտ պատասխան տալ ագրեսիայի կրկնվելու դեպքում»,- նախազգուշացրել է գեներալ-մայոր Մուսավին։
Նա ընդգծել է, որ Իրանը չի սանձազերծել պատերազմը, այլ ամբողջ ուժով պատասխանել է ագրեսորներին։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտել է Իրանի դեմ ագրեսիան և ջանքեր է գործադրել պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաև ցավակցություն է հայտնել Իրանին՝ իսրայելական հարվածների հետևանքով մի շարք զինվորական հրամանատարների զոհվելու կապակցությամբ։
Երկու պաշտոնյաներն էլ կոչ են արել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև մշտական խորհրդակցություններ անցկացնել՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային անվտանգությունն ու հանգստությունն ապահովելու համար։
Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում, գրել է Էմանուել Մակրոնը։
«Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր իրադարձություն կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ ուրիշների համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչո՞ւ Միքայել Սրբազանը կամովին ներկայացավ իրավապահներին և ինչո՞ւ չուզեց դառնալ վարչապետի թեկնածու։
Փաստաբան Արա Զոհրաբյանը որոշ մանրամասներ է հայտնել այդ օրը ծավալված իրադարձություններից։
«Հաշվի առնելով համացանցում տարաբնույթ մեկնաբանությունները, կցանկանամ երկու տեսակետի արձագանքել:
Նախ, համառոտ կներկայացնեմ ինչ է տեղի ունեցել: 2025թ. հունիսի 27-ին Մայր Աթոռում հրավիրվել էր քահանաների ժողով, որի աշխատանքները համակարգելու էր Միքայել սրբազանը: Այդ ժողովի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին մոտ մեկ ամիս առաջ:
Քրեական վարույթը նախաձեռնել են 2025թ. հունիսի 17-ին, սակայն ընտրել են հունիսի 27-ը Միքայել սրբազանին ձերբակալելու համար:
Առավոտյան վաղ, երբ ԱԱԾ աշխատակիցները այցելել են Մայր Աթոռ, իրենց տեղեկացրել ենք, որ 200-ից ավել քահանա է մասնակցում ժողովին և սխալ է դիտվելու, որպեսզի բոլորի աչքի առջև դուք իրենց հոգևոր հորը կամ եղբորը ձերբակալեք: Առաջարկվել է ժողովից հետո Միքայել սրբազանը կամովին կներկայանա, քանի որ խուսափելու մտադրություն չի ունեցել: ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել, և ասել են, որ պետք է հիմա կատարեն քննիչի որոշումը:
Երբ լուրը Միքայել սրբազանի հետ ասեցինք քահանաներին, դա առաջացրեց իրենց արդար զայրույթը: Ներկա քահանները դա համարեցին Եկեղեցու և հոգևոր դասի դեմ ուղղված քայլ:
Այդ ընթացքում Մայր Աթոռի տարածք ներխուժեցին դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատի ծառայողները և ոստիկանները: Ընթացքում նաև քաղաքացիներ էին ներս մտնում:
Իմ կարծիքով իշխանությունները հատուկ սրեցին վիճակը, բայց այն դուրս եկավ իրենց վերահսկողությունից, քանի որ ներկայացող քաղաքացիներն իրենց գիտակցության մեջ Մայր Աթոռը պաշտպանում էին ապօրինի ներխուժումից:
ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի քանի գրոհի փորձերը ձախողվեցին, ինչից ելնելով նրանք նահանջեցին: Ի դեպ չեմ կարող չնշել, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մի մասի սրտով չէր այդ գործընթացը:
Այդ ընթացքում Միքայել սրբազանը 2 անգամ փորձ է կատարել նսստել մեքենան և գնալ քննչական կոմիտե, բայց օբյեկտիվորեն չի կարողացել:
Հետագայում, երբ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները հեռացել էին, Միքայել սրբազանն իր պաշտպանների ուղեկցությամբ կամովին ներկայացավ քննչական կոմիտե:
Հիմա անդրադառնամ տեսակետներին.
Տեսակետ 1. Ինչու Միքայել սրբազանը հանձնվեց, կամ ովքեր խորհուրդ տվեցին նրան.
Նախ ձերբակալվելը չի կարող համարվել հանձնվել: Որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Ոչ կաթողիկոսը, ոչ էլ ներկա եպիսկոպոսները չեն ազդել Միքայել սրբազանի որոշման վրա: Սրբազանը ասում էր, ես չեմ վախենում և թաքցնելու բան չունեմ, ինքս եմ գնում: Միքայել սրբազանի հոգևոր եղբայրներն ասել են, որ ինչ որոշում կայացնի, իր կողքին են: Եթե Միքայել սրբազանին ճանաչեիք, ապա նման հարց չէր առջանա, որ իրեն կարող են ցուցում տալ կամ ազդել իր վրա անելու մի բան, որը չի ուզում անել: Ես ինքս էլ, որպես փաստաբան կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը, քանի որ հակառակ դեպքում դա կմեկնաբանեն, որպես քննությունից խուսափում:
Այսպես ասեմ, կար 2 տարբերակ՝ կամովին գնալ կամ հարկադրաբար: Երրորդ տարբերակ չկար, որքան էլ որ զգացմունքային ֆոնի տակ ասենք, որ թող չգնար մենք կպաշտպանեինք: Ցերեկը չստացվեր, գիշերը կգային: Գիշերը չստացվեր, Գյումրի մեկնելիս կձերբակալեին:
Իշխանությունը եկեղեցու մասով հատել է բոլոր կարմիր գծերը, և պատրաստ էր ուժ կիրառելով և սրբազանին նվաստացնելով ձերբակալել: Դա չստացվեց միայն հոգևորականների և եկեղեցու զավակների ջանքերի շնորհիվ:
Ի դեպ, նշեմ, որ Արման Թաթոյանը ուշ է եկել Մայր Աթոռ, երբ վաղուց սրբազանի կողմից որոշումը կայացված էր: Այնպես, որ նա էլ չի ազդել սրբազանի վրա:
Տեսակետ 2. Ինչու Միքայել սրբազանը հայտարարություն տվեց վարչապետի թեկնածուի հետ կապված հարցով
Քննչական կոմիտեի ճանապարհին լրագրողների կողմից այդ հարցը բարձրացվեց, իսկ հետագայում արդեն ամբողջ համացանցում պտտվում էր Էդմոն Մարուքյանի առաջարկած այն տարբերակը, որ պետք է Միքայել սրբազանը լինի ընդդիմության վարչապետի թեկնածուն:
Ես հասկանում եմ, որ թե բարի ցանկություններից, թե քաղաքական հաշվարկներից ելնելով կարող են նման առաջարկներ լինել և տարածվել, սակայն եկեք այդ իրավիճակին նայենք Միքայել սրբազանի շահերի տեսակետից:
Միքայել սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել սրբազանն ասում է, ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել:
Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ:
Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն:
Իշխանությունը, ինչպես Եկեղեցին, այնպես էլ Միքայել սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել:
Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այդ կապն են փորձում արհեստականորեն ստեղծել:
Մի քանի օր առաջ Բագրատ սրբազանի գործի հետ կապված ձայնագրություններ էր տեղադրում Նիկոլ Փաշինյանը և զուգահեռ մեկնաբանություններ էր կատարում, փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ:
Բագրատ սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա՝ Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են:
Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել սրբազանը հստակ հայտարարություն է կատարել: Այդ հայտարարությունը կազմվել է 5 պաշտպանների ներկայությամբ: Որևէ մեկի հետ այդ մասին չի քննարկվել, դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել: Այդ որոշումը կայացրել է Միքայել սրբազանը: Մենք 5 պաշտպաններս համակարծիք ենք եղել սրբազանի հետ»: