Փետրվարի կլիմայական բնութագիրը և եղանակի կանխատեսումը
Մայիսի 05, 2025

Փետրվարի կլիմայական բնութագիրը և եղանակի կանխատեսումը

By Փետրվարի 04, 2025 30

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է՝ մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)՝ -1…-2°C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)՝ -2°C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)՝ -4…-6°C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում՝ -41°C (1947 թ.) և Աշոցքում՝ -40°C(1946 թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը -0.9°C է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -26°C, դիտվել է 1928 թ., -27°C 1972 թ.: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին:

Մասնավորապես, 1976 թ. հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18°C, այսինքն նորմայից ցածր՝ 10-12°C):

Երևանում 1885-2010 թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20 %-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010 թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C (1955թ.), Կապանում՝ +26°C (1955 թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41 մմ, որը տարեկան նորմայի 7 %-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29 մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21 մմ, 1200-2000 մ բարձրությունների վրա 32-37 մմ, 2000-2500 մ բարձրությունների վրա` 40-50 մմ, ավելի բարձր՝ մինչև 80 մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30 մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997, 2006 թվականներին:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20 %-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7 սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է:

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974 թ. և 1993 թ. համապատասխանաբար 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35 մ/վրկ, պոռթկումները` 40 մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Մոսկվայում արգելվել է հրավառությունը

Սիրեկանների չորս տեսակ. թույլ, չափավոր, ինտենսիվ եւ ցանկասեր

Նոր պայթյուն Իրանում․ գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Բրազիլիայի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել Լեդի Գագայի համերգի ժամանակ

Սին հույսեր չեմ տալիս, բայց գալու է նպատակը առաջ տանելու ժամանակը. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Չեմ ասի, որ Մանվել Գրիգորյանն իդեալական էր, բայց որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ նա «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի. Սերժ Սարգսյան

Մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրում, որովհետև այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն. Սերժ Սարգսյան

Պուտինը ցույց է տվել Կրեմլի իր բնակարանը և պատմել թոռների մասին

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի ՌԴ-ում

Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Աշխարհի ամենահարուստ ներդրողներից մեկը լքում է պաշտոնը. Բաֆետի դարաշրջանն ավարտվում է

Telegram-ում խմբային զանգերի հնարավորություն է ստեղծվել