ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրահանգել է կարճ ժամկետում Վիրջինիայում հրավիրել հարյուրավոր բարձրագույն զինվորականների՝ առանց օրակարգի բացատրության։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հրավիրված են գրեթե բոլոր բրիգադային գեներալներից բարձր աստիճանավորները, ներառյալ օտարերկրյա ռազմաճակատներում ծառայող հրամանատարները։ «Մարդիկ լուրջ անհանգստացած են։ Նրանք չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը», – lurer.com-ի փոխանցմամբ՝ նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը։
Հանդիպումը նշանակված է հաջորդ երեքշաբթի՝ Քվանտիկոյում տեղակայված ծովային հետևակի բազայում։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը հաստատել է հավաքի փաստը՝ նշելով, որ Հեգսեթը կդիմի բարձրագույն հրամանատարներին, սակայն հրաժարվել է բացահայտել թեման։
Նշվում է, որ վերջին ամիսներին Հեգսեթը նախաձեռնել է կտրուկ փոփոխություններ․ նա կրճատել է գեներալների և ադմիրալների թվաքանակը առնվազն 20%-ով, հեռացրել մի շարք բարձրաստիճան հրամանատարների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության տնօրենին, և նույնիսկ առաջարկել է Պաշտպանության նախարարությունը վերանվանել «Պատերազմի նախարարության»։ Աղբյուրները չեն բացառում, որ խորհրդակցությունը կարող է կապված լինել նոր ազգային պաշտպանական ռազմավարության մշակման կամ բարձրագույն հրամանատարական կազմի հետագա կրճատման հետ։