NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՆԳՆ ոստիկանության զորքերի զորամասում «ցույցեր ցրելու» պայմանական օպերացիայի շրջանակներում ակտիվ գործնական պարապմունքներ են իրականացվում: «Մարզումներն» իրականացվում են ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրի պնդմամբ՝ ՆԳՆ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել նոյեմբերին Երևանում սպասվելիք ընդդիմության հնարավոր հավաքների և բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ, որոնց հակազդելու համար իշխանությունները մտադիր են գործի դնել նոր ձևավորված ոստիկանության գվարդիայի կարողությունները:
Հիշեցնենք, որ ՆԳՆ բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործարկվի Ոստիկանության գվարդիան, որը նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով պատասխանատվություն կստանձնի մի շարք ուղղություններով: Գվարդիան կիրականացնի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի ու կարևորագույն օբյեկտների պաշտպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ: