Կառավարությունը հաստատեց 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նրա ներկայացմամբ՝ բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը 3%:
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից՝ հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչարարության բարելավման ստվերի դեմ պայքարի: Հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-հնա հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4% կետով»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ սպասողականը այս տարվա համար 1% կետով բարելավում է 24 թվականի նկատմամբ:
«Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ: Այսինքն, ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց: Միջնաժամկետում նվազեցնելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի, արդյունքում կառավարության պարտք հնարավոր ցուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։
«Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր երկու մարզերում: 26 թվականից կկիրառվի ամբողջ Հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է և անապահովության մակարդակի նվազեցումը։
Կշարունակվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող, աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ 26 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ: Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի գծով 26 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 25 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 միլիարդ դրամով»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու է նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռք բերումն ու պայմանագրերի սպասարկումը: