Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում որոշեց 3 մլրդ 219 մլն դրամ հատկացնել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 2025–ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովելու համար։
Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ով նշեց. «Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ, հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ: Սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ: Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ»։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս պահի կարգավորումների համաձայն՝ հետվճարով վերադարձվում է գործարքների 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը, և որ հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը:
Նշենք, որ 2025 թվականի փետրվար-օգոստոս ամիսների միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 2.9 %, իսկ 1 շահառուի հաշվով հետվճարի գումարի փետրվար- օգոստոս ամիսների միջին ամսական աճը՝ 1.3 %։
Այս միտումները պահպանվելու դեպքում 13,152.0 մլն դրամը բավարար չէ հետվճարի գծով տարեկան ծախսերը հոկտեմբեր ամսից սկսած կատարելու համար։
Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ միջոցներ։