ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կշարունակի ջանքեր գործադրել Հայաստան–Իրան հարաբերությունների խորացման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոբհանին ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Փաշինյանն ընդունել է նրան և շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար։
Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի, և այդ գործում ներդրում է ունեցել Սոբհանին։
Միաժամանակ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայաստանյան այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։
Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին ու ՀՀ կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում բոլոր ջանքերը ներդրել է երկկողմ կապերի ամրապնդման համար:
«Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2023 թ. հուլիսին։