Պետք չէ ակնկալել, որ Թուրքիան կբացի սահմանը միայն այն պատճառով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվել են Արցախից։ Թուրքերը դա չեն անի այն ձևաչափով, որը Հայաստանին թույլ կտար զարգանալ։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի եթերում հայտնեց քաղաքագետ, կովկասագետ Կարեն Իգիթյանը։
Փորձագետը վստահ է՝ ՀՀ իշխանությունների այն պնդումը, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը միայն ժամանակի հարց է և տեղի կունենա, երբ կլուծվեն Ադրբեջանի հետ բոլոր հակասությունները, ոչ մի քննադատության չի դիմանում։ Եվ ընդհանրապես պետք է հասկանալ, որ փակ սահմանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք է, և այդ գործիքից թուրքական դիվանագիտությունը դժվար թե հրաժարվի, համենայն դեպս՝ մոտ ապագայում:
Շատերին թվում է, թե Հայաստանը հայ-թուրքական սահմանի բացումից լուրջ դիվիդենտներ կստանա՝ շրջափակում չի լինի, ապրանքներն ուր ուզում ես` տար, կուզես՝ Ռուսաստան, կուզես՝ Եվրոպա։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։ Վառ օրինակ է հարևան Վրաստանը։ Իգիթյանի խոսքով՝ այնտեղ սահմանը վաղուց է բաց, բայց երկրի ՀՆԱ-ն մեկ շնչին հաշվով այս տասնամյակների ընթացքում Հայաստանից չի տարբերվել, դրանք մոտավորապես հավասար են։
Չէ որ, ըստ էության, Հայաստանը փոխզիջման գնացել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։ Հիմա արդեն Սյունիքի վերաբերյալ է հուշագիր ստորագրվել։ Իսկ Թուրքիայի հետ սահմանը մինչև հիմա փակ է։ Այսինքն, ինչպես նշում է քաղաքագետը, արդեն հասկանալի է, որ մեկ փոխզիջմանը հետևելու են այլ պահանջներ, ոչ պակաս լուրջ զիջումներ։ Շարունակում են պահանջներ հնչել Սահմանադրության, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» կամ «Թրամփի ուղուն»՝ այստեղ ևս ամեն ինչ շատ լավ չէ։
Անկարայի և Բաքվի միջև ծագած որոշակի տարաձայնություններից օգտվելու հույս նույնպես չարժե փայփայել։ Մեծ քաղաքականության մեջ դաշնակիցների միջև տարբեր մոտեցումները հնարավոր են։ Հիշենք թեկուզ այս երկու երկրների միջև շահերի բախումը 2009-2010 թվականներին, երբ ստորագրվում էին չարաբաստիկ Ցյուրիխյան արձանագրությունները՝ հարաբերություններում սրացում կար բայց Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա այն չազդեց։
Անկարայի և Բաքվի միջև շահերի բախումը շատերը կապում են այն բանի հետ, որ Ադրբեջանն օգնել է Իսրայելին Իրանի հետ պատերազմում։ Սակայն, փորձագետի խոսքով, այստեղ նույնպես ամեն ինչ միանշանակ չէ։ Իրանն ինքն էլ առանձնապես ուշադրություն չի դարձնում դրան։ Իսկ Թուրքիան ցանկության դեպքում կարող էր պարզապես դադարեցնել ադրբեջանական էներգակիրների մատակարարումն Իսրայել։ Չի արել, ուրեմն առանձնապես չէր էլ ուզում իր դաշնակցին խանգարել օգնել Իսրայելին։ Այսինքն՝ կոնֆլիկտը մի քիչ մտացածին է։
Ավելի խորը նայելու դեպքում կարելի է հասկանալ, որ Թուրքիային Իրանի թուլացումը շատ ձեռնտու էր առաջին հերթին Սիրիայի պատճառով։ Անկարան շատ խորամանկ վարվեց՝ օգտվելով ԱՄՆ-ում երկու իշխանությունների միջև ընկած փուլից, երբ այնտեղ նախագահ էին ընտրում։ Չէ՞ որ ամերիկացիների ծրագրերի մեջ չէր մտնում, որ թուրքերը վերահսկողության տակ վերցնեն ամբողջ Սիրիան։ Սակայն, քաղաքագետի խոսքով, Էրդողանը կարողացավ գրավել գրեթե ամբողջ պլացդարմը։