Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Երևանը տեղյակ էր մրցույթի անցկացման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը «Ինտերտեսիլին», իսկ Ադրբեջանը հրաժարվել է նախնական հայտից։ Մրցույթին ավելի քան 20 երկիր կմասնակցի։
«Մեր հայ բարեկամները քաջատեղյակ էին մրցույթի մասին, և այն հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչներ չկան, մեզ չէ, որ պետք է տաք։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում նաև մեր հայ բարեկամներին», – հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ «Ինտերտեսիլ» մրցույթը կդառնա ամենամյա, և շուտով կհայտարարվի, թե որ երկիրն է այն հյուրընկալելու հաջորդ տարի։
Ավելի վաղ երգչուհի, երգահան, «Ну-ка, все вместе!» շոուի հաղթող Լուսինե Հարությունովան ասել էր, որ կցանկանար ներկայացնել Հայաստանը «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում։
«Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը էստրադային երգի մրցույթ է, որը կազմակերպել է Ռադիոհեռարձակման և հեռուստատեսության միջազգային կազմակերպությունը (OIRT): 1961 թվականին նախատիպը դարձավ լեհական Սոպոտ քաղաքում կայացած միջազգային երգի փառատոնը, որտեղ ելույթ ունենալը հեղինակավոր էր Արևելյան բլոկի բոլոր երկրների համար: ԽՍՀՄ-ն առաջին անգամ մրցույթին մասնակցեց Սոպոտում 1963 թվականին: Մրցույթը հետագայում չի անցկացվել, բայց չի մոռացվել. միջազգային երգի փառատոնի վերածննդի գաղափարը բազմիցս բարձրաձայնվել է: Այն փաստը, որ «Ինտերտեսիլը» սկսել են նորից և լրջորեն կազմակերպել, հայտարարվեց 2023 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ: Այս անգամ հայտնեցին, որ նոր մրցույթին առաջին հերթին պետք է մասնակցեն ԲՐԻԿՍ–ի երկրները: