ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները միջազգային ջրերում ոչնչացրել են վենեսուելական նավ, որը, նրա խոսքով, թմրանյութեր էր տեղափոխում։
Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
Թրամփը հայտարարել է, որ «թմրանյութեր տեղափոխող կարտելներին» հասցված հարվածի հետևանքով սպանվել է 3 մարդ։ «Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վենեսուելայից այս հաստատված թմրաահաբեկիչները գտնվում էին միջազգային ջրերում՝ դեպի ԱՄՆ տեղափոխելով անօրինական թմրանյութեր (ամերիկացիներին թունավորող մահացու զենք):
Թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող չափազանց վայրագ այս կարտելները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ կենսական շահերի համար: Հարվածի արդյունքում սպանվել է 3 տղամարդ ահաբեկիչ:
Այս հարվածի ժամանակ ԱՄՆ զինված ուժերի ոչ մի անդամ չի տուժել», – գրել է ԱՄՆ նախագահը:Նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհետապնդի ցանկացածին, ով թմրանյութեր կտեղափոխի Միացյալ Նահանգներ։
Այնուհետև Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի գրանցված ապացույցներ և փաստեր, որ տվյալ նավը պատկանում էր թմրաահաբեկչական խմբերի։
Թրամփի հայտարարությունից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Կարակասը կպաշտպանի իրեն ԱՄՆ-ի «ագրեսիայի» դեմ։ BBC-ի փոխանցմամբ՝ Մադուրոն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել է «մահվան և պատերազմի տիրակալ»։ Վենեսուելայի նախագահը հայտարարել է նաև, որ կառավարությունը «լիովին կիրագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը»։
Երկու երկրի միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Կարիբյան ծովի հարավում ռազմանավեր տեղակայեց՝ դա պատճառաբանելով թմրանյութերի դեմ պայքարի գործողություններով։ Օրեր առաջ Վենեսուելայի մոտ ԱՄՆ-ն հարված է հասցրել ևս մեկ նավի՝ սպանելով 11 մարդու։ Ըստ Վաշինգտոնի՝ նավը թմրանյութեր էր տեղափոխում։