Ռուսաստանի ափերին տեղի ունեցած 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո ՌԴ Կամչատկայի թերակղզուն և Ճապոնիայի Հոկայդո կղզուն ցունամի է հարվածել:
Կամչատկայում արձանագրվել են 3-4 մ բարձրությամբ ալիքներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Մի քանի մարդ դիմել է բուժօգնության։
Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում փլուզվել է մանկապարտեզի շենք, զոհեր չկան։
Իսկ Kyodo գործակալությունը հաղորդում է, որ Ճապոնիայի հյուսիսային և արևելյան հատվածներում ցունամիի ալիքների բարձրությունը հասել է մինչև 50 սմ-ի։ Ցունամիի նախազգուշացումը խաթարել է երկաթուղային և օդային հաղորդակցությունը։
Ֆուկուսիմայի վնասված ատոմակայանից դադարեցվել է վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս։Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ ցունամիի ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի։Նախազգուշացոմներ են տարածվել նաև ԱՄՆ Կալիֆոռնիայի, Ալյասկայի, Հավայիի, Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի, Չինաստանի Շանհայի և Ճեծյանի նահանգների համար։
The Associated Press գործակալության հաղորդմամբ՝ Հավայիում ցածրադիր վայրերի բնակիչներին տարհանման կոչ է արվել։ Սա համարվում է 2011 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժը մոլորակի վրա։
Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը։
Ամբաստանյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։ Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին է մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։
Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, նա քրեական գործի սկզբից մինչև այսօր երբևէ կալանավորված չի եղել։ Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, ասում եք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս եք, արդեն բաժանում եք», – իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ «Ժողովուրդ օրաթերթի թղթակիցը հարցրեց, թե արդյոք չի շատանա Կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժ, եւ արդյոք Կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։
Փաշինյանը շարունակեց. «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը Արբիտրաժում պարտվելու է։ ՀՀ-ն էս վերջին շրջանում Արբիտրաժում մի քանի գործերով հաղթել ա։ Այսինքն, որ ասում եք՝ «Արբիտրաժ» վե՞րջ: Էլի խուճապը տարածվեց, փախեփախը սկսվեց»,- հավելել էր նա։
Որպեսզի խոսեինք փաստերով, հարցում ուղարկեցինք ՀՀ Կառավարություն՝ տեղեկանալու, թե Հայաստանի Հանրապետությունը արբիտրաժային դատարանում, Հայաստանի դեմ ներկայացված հայցերի շրջանակում, որ դեպքերում է հաղթանակ տարել։ Այս պահին արբիտրաժային դատարանում քանի հայց կա ընդդեմ Հայաստանի, եւ որքան պարտավորություն ունի Հայաստանը այդ հայցերի շրջանակում, որքան են կազմում հայցապահանջները (խնդրել էինք ներկայացնել դոլարով)։
Հարցման պատասխանից հասկանում ենք, որ արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջի չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։
Իսկ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը եւ «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:
Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին եւ Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները եւ պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է:
ՀՀ Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրին, թե Հայաստանի Հանրապետության դեմ դեռ մնում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad եւ Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կապ չունի՝ մեկ գործ ավելի կամ պակաս. արտաքին եւ ներքին պարտքը կայծակնային արագությամբ աճում է, Հայաստանի դեմ հայցերն ավելանում ու ավելանում են: Կարեւորը՝ ինքն իր աթոռին է, «փախեփախ» չի անում, մնացածը կվճարի հպարտ հարկատուն»։
2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
Տրանսպորտային քարտ
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից)
Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից
Telcell սպասարկման կետերից
Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
«Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում՝
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանում վառելիքի գինը բարձրացել է։ Գնի բարձրացումը սկսվել է հուլիսի 19-ին և պարբերաբար արտացոլվել է որոշ ապրանքանիշային բենզալցակայաններում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Բենզինի գների տվյալները ցույց են տալիս, որ վառելիքի տեսակից կախված՝ տարբեր բենզալցակայաններում գնի աճը տատանվում է 4-20 թեթրիի սահմաններում։
Gulf (թանկացել է 6 թեթրիով)
Wissol (թանկացել է 6 թեթրիով)
Socar (այս պահին անփոփոխ է)
Rempetrol (թանկացել է 4-8 թեթրիով)
Portal (թանկացել է 10-20 թեթրիով)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի մասնակցի այս աշնանը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին և կարող է իր փոխարեն հանդիպմանը ուղարկել ԱՄՆ վարչակազմից ինչ-որ մեկի։
«Ոչ, կարծում եմ, հավանաբար, ուրիշ մեկին կուղարկեմ, քանի որ շատ խնդիրներ ունեմ Հարավային Աֆրիկայի հետ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը, որը վերջին մի քանի օրերն անցկացրել է Շոտլանդիայում։ Նա մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք մտադիր է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին։
«Նրանք շատ վատ քաղաքականություն ունեն։ Քաղաքականություն, որի արդյունքում շատ մարդիկ են զոհվում», – պնդել է Թրամփը՝ նկատի ունենալով Հարավային Աֆրիկայի իշխանություններին։ «Այնպես որ, կարծում եմ, որ հավանաբար չեմ գնա։ Ես կցանկանայի, բայց չեմ կարծում, որ այդպես կանեմ», – հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և Իրանը միշտ լավագույն հարաբերություններն է ունեցել Հայաստանի հետ, որը ծառայում է որպես երկրի կապող օղակ դեպի Եվրոպա, գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։
«Այդ միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին։ Մենք տեսնում ենք սիոնիստական գործունեություն և նեոօսմանյան հավակնություններ տարածաշրջանում։
«Այդ հարցում Հայաստանի կառավարության և մեր դիրքորոշումը համընկնում է», - քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ալիքը։
Վաշինգտոնը մեծացնում է Բեյրութի վրա ճնշումը՝ «Հըզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ կառավարության պաշտոնական որոշում ընդունելու համար, նախքան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը, Reuters-ին հայտնել են իրադրությանը ծանոթ հինգ աղբյուրներ։
Ըստ երկու լիբանանցի պաշտոնյաների, երկու դիվանագետների և իրավիճակին ծանոթ լիբանանյան աղբյուրի՝ Լիբանանի նախարարների հրապարակային հայտարարության բացակայության դեպքում Միացյալ Նահանգները ՝ լիբանանցի պաշտոնյաների հետ բանակցությունների համար այլևս չի ուղարկի ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին Բեյրութ կամ ավիահարվածները դադարեցնելու կամ իր զորքերը հարավային Լիբանանից դուրս բերելու համար Իսրայելի վրա ճնշում չի գործադրի:
Վաշինգտոնն ու Բեյրութը գրեթե վեց շաբաթ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի «ճանապարհային քարտեզի» շուրջ, որը նախատեսում է «Հըզբոլլահ»-ի լիակատար զինաթափում, որի դիմաց Իսրայելը կդադարեցնի հարվածները և դուրս կբերի զորքերը Լիբանանի հարավում տեղակայված հինգ կետերից։
Սկզբնական առաջարկը ներառում էր պայման, ըստ որի Լիբանանի կառավարությունը պետք է «Հըզբոլլահ»-ին զինաթափելու որոշում ընդունի:
Ինչպես նշում է Reuters-ը, «Հտզբոլլահ»-ը հրապարակավ հրաժարվել է հանձնել իր ամբողջ զինանոցը, բայց մասնավոր կարգով որոշել է կրճատել այն։
Շարժումը միաժամանակ լիբանանցի պաշտոնյաներին հայտարարել է, որ Իսրայելը պետք է առաջին քայլն անի՝ դուրս բերելով իր զորքերը և դադարեցնելով անօդաչու թռչող սարքերի հարվածները «Հըզբոլլահ»-ի մարտիկների և զենքի պահեստների վրա։
Այս տարվա օգոստոսի 1-ից կսկսվի ադրբեջանական բնական գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի տարածքով անցնող Քիլիս խողովակաշարով։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Սիրիայի վերակառուցման գործում կարևոր քայլ համարվող նոր էներգետիկ խողովակաշարը նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի 1-ին։ Ադրբեջանից բնական գազը Սիրիա կհասցվի Քիլիս խողովակաշարով՝ Թուրքիայի տարածքով։ Այս նախագիծը նպատակ ունի նպաստել Սիրիայի վնասված էլեկտրական ենթակառուցվածքների վերականգնմանը և ամրապնդել Թուրքիայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու նպատակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ SOCAR-ի և Սիրիայի միջև վերջերս ստորագրված փաստաթղթի համաձայն՝ բնական գազի տեղափոխման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Առաջին փուլում նախատեսվում է տարեկան Սիրիա ուղարկել 1,2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Գազը կանցնի Թուրքիայի սահմանին գտնվող Քիլիս քաղաքով և կհասնի Հալեպի և Հոմսի էլեկտրակայաններ, որտեղ կօգտագործվի էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Դրա շնորհիվ նախատեսվում է մոտավորապես 1200-1300 մեգավատ արտադրական հզորություն։
Քիչ առաջ ավարտվել է 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։
Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է։ Մինչդեռ մեղադրողը պնդեց, որ մեղադրանքն ապացուցվել է։ Ավելին, մեղադրող դատախազը հորդորեց մեղադրյալին` ներողություն խնդրել մահացածի հարազատներից։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։