Ռուսաստանում առաջարկել են հարկ սահմանել միգրանտների դրամական փոխանցումների համար։ Ըստ Պետդումայի «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության պատգամավոր Սերգեյ Միրոնովի, Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներն անցյալ տարի Ռուսաստանից ավելի քան 14 միլիարդ դոլար են փոխանցել։
«Մենք պետք է պետական տուրք մտցնենք միգրանտների դրամական փոխանցումների համար: Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիների համար սակագների, ակցիզային հարկերի, տուրքերի բարձրացմանը, մեր պաշտոնյաներն անտարբեր չեն, բայց երբ խոսքը գնում է օտարերկրացիների մասին, նրանք անմիջապես սկսում են իրենց դնել հիմարի տեղ»,- տելեգրամյան իր ալիքում դժգոհություն է հայտնել Միրոնովը:
Միգրանտների մեծ մասը զգալի գումարներ է ուղարկում արտերկիր՝ առանց որևէ հարկ վճարելու Ռուսաստանի Դաշնությունում։
2021 թվականին ՌԴ-ում արդեն քննարկվել է տրանսֆերտների համար լրացուցիչ վճարներ սահմանելու հնարավորությունը, սակայն, Ֆինանսների նախարարությունը հետաձգեց գործընթացը։ Միրոնովը կարծում է, որ 3 տոկոս տուրքի սահմանումը թույլ կտա երկրի բյուջեն համալրել ավելի քան 45 միլիարդ ռուբլով միայն Ղրղզստան և Ուզբեկստան փոխանցումներից։ Պատգամավորը հայտարարել է օրենսդրական նախաձեռնության մոտալուտ մշակման և Պետդումա ներկայացնելու մասին։
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը Հայաստանի քաղաքացի է։ Այս մասին, Լուրերի փոխանցմամբ, հայտնում է Mash Telegram ալիքը։
Տղամարդը 45 տարեկան է եղել։ Նա նախկինում քրեական անցյալ է ունեցել, պարզաբանում է «112» Telegram ալիքը։ Մահապարտ-ահաբեկիչը մուգ շորերով է եղել, ճաղատ և շագանակագույն աչքերով։ Նրա ոտքին սրի դաջվածք է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա սպասել է Սարգսյանին և գործի է դրել իրեն ամրակցված ռումբը։ Անվտանգության ուժերը կարծում են, որ պայթուցիկ սարքը պատրաստվել է MON-50 ականի միջոցով։
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների հատվածում Չարենցավանի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի հաշվեկշռում հաշվառված, Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Սպիտակ տան նոր վարչակազմը Կիևի ռեժիմի ղեկավարին մղում է ընտրություններ անցկացնել։ Սա խուճապ է առաջացնում Կիևում և գրգռում գլոբալիստական լրատվամիջոցներին; Այս մասին գրում է Politico-ի սյունակագիր Ջեյմի Դեթմերը:
Դեթմերի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվել են Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ Հանգստյան օրերին Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հետևյալ հայտարարությունն է արել.
«Ժողովրդավարական երկրների մեծ մասում ընտրություններն անցկացվում են նույնիսկ պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ սա կարևոր է։ Սա լավ է ժողովրդավարության համար: Ուժեղ ժողովրդավարության գեղեցկությունն այն է, որ կա մեկից ավելի պոտենցիալ թեկնածու»։
Դեթմերը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է հայտարարել, որ չի ճանաչում Վոլոդիմիր Զելենսկուն՝ որպես Ուկրաինայի օրինական առաջնորդ։ Ուստի Մոսկվան աջակցել է Քելլոգին նոր հանգամանքներում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ «նախագահ Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է»։ Նա ասել է, որ խաղաղ գործընթացը կպահանջի Ուկրաինայի «ղեկավարության օրինականացում»:
Ըստ Դեթմերի՝ Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, քանի որ մտավախություն ունի, որ «այս փուլում ընտրությունների անցկացումը կխաթարի Ուկրաինայի համախմբվածությունը և երկիրը կկանգնեցնի ռուսական ազդեցության արշավների ապակայունացման վտանգի տակ»:
Որպես ապացույց՝ Դեթմերը մեջբերում է ուկրաինացի ոմն նախկին նախարարի կարծիքը, ով անանունության պայմանով՝ Politico-ին ասել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումների համընկնումը պատահական չէ։
«Ես սա տեսնում եմ՝ որպես առաջին ապացույցն այն բանի, որ Թրամփն ու Պուտինը համաձայն են Զելենսկու հրաժարականի անհրաժեշտության հարցում»,- նշել է նախկին նախարարը։
«Մոսկվան շարունակում է պնդել, որ քանի դեռ չի հաստատվել Ուկրաինայի կառավարության քաղաքական լեգիտիմությունը, վերջնական գործարք չի կարող կնքվել։ Եվ Քելլոգը նաև հստակություն չի մտցրել այն մասին, թե ինչը պետք է լինի առաջինը և ինչը պետք է լինի հաջորդը՝ ընտրություններ կամ ռազմական գործողությունների դադարեցում»,-դժգոհում է Դեթմերը։
«Ուկրաինան պետք է անցկացնի իր հաջորդ ընտրությունները, երբ կարողանա երաշխավորել այդ ընտրությունների անվտանգությունը և ժողովրդավարական նորմերի պահպանումը։ Իսկ ներկայիս ռազմական գործողությունների ժամանակ դա անհնար է։
Չնայած դրան՝ Քելլոգը շարունակում է պնդել, որ Ուկրաինայում ընտրություններն անհրաժեշտ են։ Նրա խոսքով՝ ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև տարեվերջ, հատկապես, եթե Ռուսաստանի հետ զինադադար ձեռք բերվի։ Նա հավելել է, որ նման քվեարկություն «պետք է անցկացվի»։
Եզրափակելով՝ Դեթմերը մեջբերում է Զելենսկիին, ով նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին Կիևին պատերազմը դադարեցնելու բանակցություններից դուրս թողնելու դեմ։
«Նրանք կարող են ունենալ իրենց հարաբերությունները, բայց առանց մեզ Ուկրաինայի մասին խոսելը վտանգավոր է բոլորի համար»,-ավելացրել է նա։
«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը գրում է․ «Քիչ առաջ տեղակացա, որ Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։
«Էջմիածին» դաշինքը խստագույնս դատապարտում է Արցախի, նրա ժողովրդի և խորհրդանիշների դեմ իրականացվող ցանկացած գործողություն։
Հետամուտ ենք լինելու, որպեսզի այս վանդալիզմն իրականացնողները հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության…»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է Դոնալդ Թրամփի պահանջը Ուկրաինայից հազվագյուտ հողերի մետաղներ մատակարարելու մասին՝ ֆինանսական օգնության դիմաց։ Գերմանացի քաղաքական գործիչն այս խոսքերն ասել է երկուշաբթի՝ փետրվարի 3-ի երեկոյան, Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, փոխանցել է DW-ն։
«Մենք պետք է օգտագործեինք երկրի այդ ռեսուրսները՝ ֆինանսավորելու համար այն ամենը, ինչ անհրաժեշտ կլիներ պատերազմից հետո», Reuters-ը մեջբերել է Շոլցի խոսքերը:
Նա ասել է, որ «շատ եսասիրական եւ եսակենտրոն կլինի» փողն այժմ օգտագործել պաշտպանական աջակցությունը ֆինանսավորելու համար:
Շոլցն ընդգծել է, որ ապագայում Ուկրաինային անհրաժեշտ կլինի ուժեղ բանակ, ինչպես նաեւ ֆինանսավորում երկրի վերականգնման համար։ «Դրանք մեծ խնդիրներ են՝ հաշվի առնելով այն հսկայական ավերածությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում։ Կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե Ուկրաինայի ռեսուրսներն օգտագործվեին նրա ապագայի համար»,-ավելացրել է Գերմանիայի կանցլերը։
Արծրւոն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է.
«27 տարի առաջ այս օրը ԼՏՊ-ն հրաժարական տվեց:
Ես երեք տարի եղել էի իր կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը, պաշտպանել էի իրեն քաղաքական հարձակումներից, բայց 1996-ի ընտրություններից հետո իմ կամքով հեռացել էի պաշտոնից՝ իշխանական համակարգի և անձամբ իր մասին իմ կարծիքը հայտնելով շատ բարձր մի պաշտոնյայի` հայտարարելով, թե իրենք երկիրը տանում են դեպի աղբանոց, և ես չեմ ցանկանում մասնակից լինել այդ գործին։
Հեռանալով` ինքս իմ համար վերլուծել էի իշխանական համակարգի վարքը, ապա զննել ժողովրդի պահվածքը և իրականության բացատրության մի վարկածի էի հանգել, համաձայն որի իշխանությունները ոչ թե մեր դժբախտությունների պատճառն են, այլ իրենք իրենց հերթին հետևանք են, իսկ պստճառը հարկավոր է փնտրել ժողովրդի մենթալիտետի մեջ։
Հեռանալուց անցել էր մեկ տարի։ Եվ ահա, 1998 թվականի փետրվարի 3֊ին խնջույքի էի հրավիրված։ Խնջույքի թեժ պահին լուր հասավ ԼՏՊ հրաժարականի մասին։
Խնջույքականներին մի աննկարագրելի ցնծություն համակեց, որպիսին տեսել եմ մեկ էլ 20 տարի անց, 2018-ի ապրլի 23-ին Ամիրյանի վրա ու Հանրապետւթյան հրապարակում:
– Այս ցնծությունը երկար չի տևի,- ասացի կողքիս նստածներին,- քանի որ ցնծացող այս մարդիկ միամտաբար կարծում են, թե իրենց կյանքի վատ բաներն առաջին դեմքով են պայմանավորված: Եվ, որ ամենացավալին է, նոր իշխանություններն էլ են այդպես միամիտ: Իսկ դա նշանակում է, որ երկրում ոչինչ չի փոխվելու, և այս մարդիկ հիասթափվելու են:
Անցավ մի որոշ ժամանակ, և եղավ այն, ինչ կանխատեսել էի՝ ցնծությունն արագ մարեց, իսկ 1998-ի փետրվարի 3-ին ԼՏՊ-ի հրաժարականով ցնծացող այն նույն մարդիկ ուղիղ տասը տարի անց արդեն մարտնչում էին նույն ԼՏՊ-ին ետ բերելու համար:
Հ.Գ. 2018-ի ապրիլի 23-ին, տեսնելով հրապարակի ցնծացող բազմությանը, նույնն եմ ասել՝ միևնույն հիմնավորւմներով…»։
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Դուք գիտեք, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի շրջանակներում ամենակարևոր հարցը Ռաշթ-Աստարա հատվածի երկաթուղու կառուցումն է։ Ռուսաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները վերջին երեք ամսվա ընթացքում բազմիցս խորհրդակցություններ են անցկացրել այս նախագծի վերաբերյալ: Նրանք շատ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նախարարները պայմանավորվել են այդ նախագծի իրականացման մասին գործադիր պայմանագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը»,-ասել է իրանցի դիվանագետը։
Նա հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը:
«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ: Միջազգային տրանսպորտային միջանցքների երեք երթուղի գոյություն ունի․ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև Արևմտյան և Արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել Իրանի «Հյուսիս-Հարավ» արևմտյան Ռաշթ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի վերաբերյալ։
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական առավելությունը մյուս երթուղիների, մասնավորապես՝ Սուեզի ջրանցքով ծովային երթուղու նկատմամբ այն է, որ ավելի քան երկու անգամ կրճատվում է փոխադրումների հեռավորությունը, ինչը բեռնափոխադրողներին թույլ է խնայել փոխադրման ժամանակն ու գինը։
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։
Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձևերը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։
Օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից խուսափելու համար։ Հատկապես տարածված են ինքնախեղման դեպքերը, հիվանդությունների սիմուլյացիան, փաստաթղթերի կեղծումը կամ այլ խաբեության մեթոդներ։
Գործող օրենսդրությամբ պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է, ինչը հնարավորություն է տալիս խուսափել պատժից՝ օգտագործելով վերոնշյալ մեթոդները։
Ռազմական ոստիկանության ներկայիս լիազորությունները հստակեցման կարիք ունեն՝ կապված զորահավաքային գործընթացում նրանց ներգրավվածության հետ։Այս փոփոխությունների ընդունումը թույլ կտա խստացնել օրենսդրական կարգավորումները, բարձրացնել պատասխանատվության մակարդակը և ապահովել զորահավաքային գործընթացի ամբողջական իրականացումը։
Հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու ձևերը՝ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայանալը, առողջական վիճակի հետազոտումից կամ բժշկական փորձաքննությունից խուսափելը, վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով հրաժարվելը, մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ ձևերով խուսափելը։
Ընդհանուր խուսափման դեպքերում նախատեսվում է տուգանք, կարճաժամկետ ազատազրկում (մինչև 2 ամիս) կամ ազատազրկում (մինչև 2 տարի)։Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Այս փոփոխությունները թույլ կտան խստացնել պատասխանատվությունը և նվազեցնել զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերը։
Նախագծով առաջարկվում է զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության ներգրավվածության ավելացում՝ ապահովելով արդյունավետ վերահսկողություն զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման նկատմամբ։
Ռազմական ոստիկանությունը լիազորվում է օժանդակել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին ծանուցագրեր հանձնելու գործընթացում, պարտավորեցնել զորակոչիկներին ներկայացնել զինվորական կոմիսարիատ կամ բժշկական փորձաքննության կենտրոն, հայտնաբերել ու վերահսկել զորակոչից խուսափողների տեղաշարժը, աջակցել զորահավաքի կազմակերպմանը և զինապարտ քաղաքացիների հաշվառմանը։
Օրենքով ամրագրվում է, որ ռազմական ոստիկանությունը իրավունք կունենա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափող անձանց, իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ զորակոչիկների տեղորոշման և զորակոչի ապահովման նպատակով, իրավապահ մարմինների պահանջով պարտադիր զինծառայողների տեղափոխում և ուղեկցում ապահովել։
Այս փոփոխությունները թույլ կտան ռազմական ոստիկանությանը ավելի արդյունավետ ներգրավվել զորահավաքային համակարգի գործընթացներում և ապահովել զորակոչի ամբողջական իրականացումը։Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում կբարձրացվի զորահավաքային համակարգի արդյունավետությունը՝ խուսափող քաղաքացիների թվի նվազեցման հաշվին, կխստացվի պատժամիջոցները, ինչը կստիպի զորակոչից խուսափողների զգալի մասին վերանայել իրենց մոտեցումը։ Գործընթացին կներգրավի ռազմական ոստիկանությունը, որը կուժեղացնի վերահսկողությունը և կխթանի օրենքի կիրառելիությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ Իսրայելին մոտ 1 միլիարդ դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներին հավանություն տալու խնդրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վաճառքի մասին իրազեկ ԱՄՆ պաշտոնյաներին։
Գործարքի շրջանակներում ենթադրվում է ավելի քան 700 միլիոն դոլարի 4700 հատ 450 կգ-անոց ավիառումբերի, ինչպես նաև Caterpillar ընկերության՝ ավելի քան 300 միլիոն դոլարի զրահապատ բուլդոզերների վաճառք:
Զենքի նոր մատակարարումների ծախսերն Իսրայելը կհոգա ԱՄՆ-ի ամենամյա ռազմական օգնության հաշվին, որը կազմում է միլիարդավոր դոլար:
Գործարքի շուրջ բանակցությունները համընկնում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն կատարելիք այցի հետ: Փետրվարի 4-ին նա պետք է հանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու հրադադարը Գազայի հատվածում և Լիբանանում, ինչպես նաև ընդհանուր իրադրությունը Մերձավոր Արևելքում։
Շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփը չեղարկել էր իր նախորդ Ջո Բայդենի կողմից Իսրայելին 2000 ֆունտ կշռող ռումբերի մատակարարման դադարեցումը։
Իսրայելական կողմը, ըստ WSJ-ի տվյալների, կձգտի Թրամփից հասնել Բայդենի վարչակազմի կողմից հաստատված սպառազինությունների ևս մեկ փաթեթի մատակարարման արագացման: