Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար
Օգոստոսի 27, 2025

Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար

By Օգոստոսի 27, 2025 12

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, որ Թրամփի վարչակազմին ուղերձ է փոխանցել այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման և Ադրբեջանի քաղաքացիների անվտանգության համար հուսալի միջազգային երաշխիքներ են պետք։ Նա այդ մասին ասել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դրան պատշաճ ուշադրությամբ է վերաբերվել, քանի որ Վաշինգտոնն արդեն միացել է այդ գործընթացին, և արդյունքում «Թրամփն իր անունը տվեց Զանգեզուրի միջանցքին»:

Նա համոզված է, որ նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։

Ալիևն ընդգծել է` Բաքուն 5 տարի բանակցել է Երևանի հետ, բայց հայկական կողմը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել Ադրբեջանի օրինական խնդրանքներին, Ադրբեջանն էլ ժամանակ չի կորցրել և սկսել է երկաթգիծ կառուցել դեպի հայկական սահման, որպեսզի այդ ճանապարհը միացնի Նախիջևանին։

«Ավտոմայրուղիների կառուցման նախագծերը հավանաբար պատրաստ կլինեն հաջորդ տարի, ինչպես և երկաթուղին։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, նկատի ունեմ երկաթուղին, դա պետք է որ երկար չտևի, քանի որ երթուղու երկարությունն ընդամենը 42 կիլոմետր է: Եթե մենք դա կառուցեինք, մենք դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ երկաթուղիներ կառուցելու ավելի մեծ փորձ ունենք: Իսկ Հայաստանին, հնարավոր է, ևս մի քանի տարի պետք լինի»,-ասել է նա։

Ալիևը կարծում է, որ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների վերակառուցումը կարող է իրականացվել ամերիկյան ներդրողների ներգրավմամբ: Ադրբեջանի նախագահը հավելել է, որ այս պահին այդ նախագիծը շատ մոտ է իրագործմանը, և հիմա Հայաստանը պետք է կատարի աշխատանքի իր մասը, որպեսզի հետո «տարանցիկ վճարներ ստանա փոխադրումներից»:

«Բայց խոսքը միայն Ադրբեջանի մասերը իրար կապելու մասին չէ։ Խոսքը նոր տրանսպորտային երթուղու կառուցման մասին է։ Այսօր Միջին միջանցքը, ավելի ճիշտ՝ դրա ճյուղերից մեկը, սկսվում է Ասիայում և անցնում Կասպից ծովով, Ադրբեջանով դեպի Վրաստան, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա, ինչպես նաև դեպի վրացական ծովային նավահանգիստներ։ Դա Ադրբեջանի միջոցով Ասիան Եվրոպայի հետ կապելու միակ միջոցն է։ Այսպիսով Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP-ը այլընտրանք կդառնա»,- նշել է նա։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս