Հիմա Ադրբեջանը գնալու է մինչեւ վերջ, բոլոր քարտերն իր ձեռքում է. Արթուր Խաչիկյան

Մանրամասներ
Արթուր Խաչիկյան

Կան որոշակի շատ պարզ օրենքներ միջազգային հարաբերություններում, որ եթե մի կողմը՝ հանձինս Ադրբեջանի, ունի այսպիսի առավելություն, ունի այսպիսի դաշնակիցներ եւ արտաքին աշխարհը ավելի շատ հետաքրքրված է այդ կողմի հետ համագործակցությամբ, քան մեզ հետ, ապա այդ կողմը չի կանգնելու եւ գնալու է մինչեւ վերջ: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Սթենդֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Երկրորդը, եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, գոնե այն ժամանակ, երբ հանձնվեց Արցախը, որը հանցագործ որոշում էր, այդ ժամանակ պետք էր ստանալ փոխզիջումներ Ադրբեջանից՝ գրավոր ձեւով: Հիմա Ադրբեջանը գնալու է մինչեւ վերջ, բոլոր քարտերն իր ձեռքում է, նրանք ունեն գազ, նավթ, Եվրոպան ուզում է իրենց հետ համագործակցել, էլեկտրականություն է ուզում ստանալ, ուզում է այլընտրանք ստեղծել ռուսական էներգառեսուրսներին, եւ ուզում են ստեղծել «միջին միջանցքը», որպեսզի  այլընտրանք ստեղծեն ռուսական տարածքով բոլոր կոմունիկացիաներին եւ Ռուսաստանը կտրել Իրանից:

Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արեւելքում էլ ամեն ինչ արվում է, որ Իրանն ընդգրկվի այդ մեծ պատերազմի մեջ: Մենք այսօր ունենք խոշոր ռեգիոնալ պատերազմ, որի մեջ ընդգրկվել է Եմենը, Պակիստանը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինն ու Իսրայելը: Նրանց կողքին կնագնած են ԱՄՆ-ն եւ Բրիտանիան: Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ շահելու են սրանից, որովհետեւ իրենք բոլորին պետք են: Իրենց օգնության գինը մենք են: Մենք ենք այն մանրադրամը, որով վճարելու են Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը դա արեն այն ժամանակ, երբ թույլ տվեց, որ Թուրքիան մտնի Կովկաս՝ ստանալով ինչ-որ խոստումներ Ուկրաինայի պատերազմում. «Չնայած Ռուսաստանին այդտեղ խաբեցին: Խոստացել էին, որ Շվեդիան ու Ֆինլանդիան չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ, շատ լավ էլ դարձան: Խոստացել էին, որ զենք չեն վաճառի Ուկրանային, լավ էլ վաճառում են»,- ընդգծեց Խաչիկյանը: