Թույլ իշխանության վերջին գործիքը՝ ռեպրեսիան, բռնի ուժը, չի աշխատելու. ապոգեան լինելու է քաղաքական. Վլադիմիր Մարտիրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի»  ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Տավուշի շուրջ ընթացող գործընթացները Փաշինյանի համար բարդագույնն են վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող քաղաքականության ընթացքում։ Հայաստանում՝ Տավուշում, տեղի է ունեցել Արցախի հանձնման մինի տարբերակը։ Խաբկանք, մանիպուլյացիա, հասարակությանը մեկ ինֆորմացիայի և խոստումների տրամադրում, հետո դրանց շեշտակի փոփոխություն, այլ խոստումներ: Եվ հիմա դրան սովորած հասարակությունը փորձում է հակադրվել, այսինքն՝  Փաշինյանի խոսքին  հավատալու հասարակության լիմիտն արդեն սպառվել է։  Սկզբում խոշորագույն պարտադրանքի տակ նա հայտարարեց, թե Տավուշի գյուղերը պետք է հանձնվեն, հետո փորձեց շանտաժի և տեռորի լեզվով խոսել, բայց երբ տեսավ, որ դա չի ազդում, անցավ աղանդավորական քարոզ հիշեցնող քարոզչության և նոր բովանդակության մանիպուլյացիայի։
  • Այն, ինչ նրանք կոչում են սահմանազատում, դա ֆեյք՝ կեղծ սահմանազատման գործընթաց է, պարզապես մանիպուլյացիա։ Դիվանագետների մոտ հայտնի արտահայտություն կա՝ եթե համաձայնեցված չէ ամեն ինչ, նշանակում է՝ համաձայնեցված չէ ոչինչ: 1000 կմ սահմանի մեջ 12 կմ սահմանազատումը ներկայացնել որպես հաղթանակ, դա ոչ միայն նոնսենս է, այլև խայտառակություն։
  • Պրոցեսի հենց սկզբից ամենամեծ մտահոգությունն այն էր, որ Արցախի կորստից հետո ՀՀ ամենապաշտպանված համալիրը Տավուշի մարզի պաշտպանական գիծն էր։ Անվտանգային այդ համալիրի լուծարումն այլևս գործընթաց է, և սա բացառապես Ադրբեջանի համար է հաղթանակ։
  • Այս կեղծ սահմանազատման արդյունքում Հայաստանի տիրապետության տակ գտնվող անվտանգային բնագիծը պաշտպանող հատվածը հանձնելով Ադրբեջանին, պարզապես պարալիզացվում է ՀՀ անվտանգությունը:
  • Ալիև-Պուտին հանդիպումից հետո ֆիքսվեց նրանց բարձր մակարդակի համագործակցությունը: Նրանց այդ քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Երևանը՝ ՀՀ գործող իշխանությունները, ունեն այսպիսի դիրքավորում՝ «Զիջենք սեփական երկիրն ու հողը՝ հանուն սեփական իշխանության պահպանման»։

  • Փաշինյանի՝ աղանդավորական քարոզի նմանվող և հասարակագիտության ցածր որակի քարոզները ռեալ պոլիտիկի մեջ հաշվի առնել պետք չէ:
  • Այնպես, ինչպես Ստեփանակերտը հայտնվեց շրջանակի մեջ, այնպես էլ Տավուշի այդ գյուղերի, իսկ հետագայում՝ անկլավների հանձնումը հանգեցնելու է Հայաստանի ավելի մեծ տարածքների կլանմանը, ինչի հետևանքով տեղի է ունենալու մարդկանց մեծ տեղաշարժ։
  • Հայաստանի կոմունիկացիոն, էներգետիկ և լոգիստիկ բոլոր հնարավորությունները վտանգի տակ են։ Պաշտպանական, անվտանգային համակարգի լուծարումն այս իշխանություններն արգումենտացնում են, թե փոխարինում են սահմանապահ ուժերով, որը ոչ թե անվտանգային գործառույթ է իրականացնում, այլ սահմանը պահող, մինչդեռ Ադրբեջանի կողմից ամբողջական ռազմական համակարգ է դրվելու այդտեղ, այսինքն՝ մեր և Ադրբեջանի սահմանապահային տրամաբանությունը բավականին տարբեր են։
  • Արցախն ընկավ ոչ թե այն ժամանակ, երբ խափանվեց ջրամատակարարումը, գազամատակարարումը, այլ այն ժամանակ, երբ անկում ապրեց պաշտպանական համակարգը։ Հայաստանում էլ պաշտպանական համակարգի, գծի անկումը հանգեցնելու է բնակչության մեծ հոսքի, տեղահանման, մարդկանց այդտեղ ապրելու հնարավորություններն անվտանգային առումով այլևս ապահովելու հնարավորություն չի լինելու։
  • Սպիտակ գերաններ տնկելը հաղթանակ որակելը նման է նրան, երբ ծնողն ուրախանում է, որ իր երեխան պարբերաբար դպրոցից դուրս չի մնում։
  • Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այս իշխանությունների քաղաքականության ֆիասկոյի արդյունքն է։
  • Փաշինյանը կամ արտաքին պարտադրանքի, կամ շանտաժի, կամ շատ վաղուց տրված խոստումների արդյունքում է իրականացնում այս վարքաբանությունը սեփական երկրի նկատմամբ։ Նրան իշխանություն է տրվել մարդկանց անվտանգությունն ապահովելու, այլ ոչ թե՝ պատմագիտական, հասարակագիտական ցածր որակի «դասախոսություններ» կարդալու ու աղանդավորական քարոզչություն անելու համար։
  • Կա՞ արդյոք Փաշինյանի և ԱԺԲ-ի միջև ստվերային, ետնաբեմային պայմանավորվածություն. եթե կա, ապա դա պետք է մտահոգի ծեծի ենթարկված այդ կուսակցության ներկայացուցիչներին:
  • Տավուշի համար պայքարը պետք է տեղափոխվի Երևան, բայց դեռ շուտ է։ Երևանի պարագայում ռիսկ կա, որովհետև այստեղ մարդկանց զբաղվածության հանգամանք կա, իսկ Երևանում նույնիսկ 10 հազարանոց բողոքի ակցիան այնպիսի էֆեկտ կարող է չունենալ, ինչպես մարզում 100 հոգանոց ակցիան։ Քաղաքական լուծումները կլինեն, երբ մարզերից գան Երևան, բայց ես չէի շտապեցնի Երևանում հուժկու հավաքներ անել, պրոցեսը պետք է ընթանա ձնագնդիի ձևավորման սկզբունքով, հիմա ձնագունդը ձևավորման պրոցեսում է:
  • Տավուշի պրոցեսն ամենաերկարներից է, որի լուծումը Փաշինյանը չունի։

  • Իրական և ակտիվացած կեղծ ընդդիմություն («Սասնա ծռեր»՝ ԱԺԲ-Բևեռ, և այլն)․ Փաստ է, որ հեղափոխություններից հետո, երբ հեղափոխականները ձախողվում են, հասարակության մի մասը սկսում է վստահել քաղաքական ծայրահեղականությանը։ Փաստ է, որ Փաշինյանի թիմը ձախողել է, և կա քաղաքական ծայրահեղականների ձևավորման պահանջ հասարակության մոտ, որոնք պահանջում են խնդիրների արագ, անգամ՝ դաժան լուծումներ: Արդյո՞ք դա Արևմուտքից ուղղորդվող, վերահսկվող գործընթաց է, սրա մասին թող մտածի Փաշինյանը, թե ո՞ր կենտրոնից է ուղղորդվում այդ ծայրահեղականությունը։
  • Հանրային մակարդակում, հույս ունեմ, որ մեծագույն լարումն ինքնարտահայտման, ինֆորմացիայի տարածման ձևով պետք է լինի։ Մարդիկ պետք է խոսեն։ Պետք է ստեղծվի հանրային միաբանման ցանց, որը կազմված կլինի անկախ քաղաքական գործիչներից: 
  • Հայ Առաքելական եկեղեցու նման սուբյեկտայնությունը, բարոյական վարքաբանությունը հզոր ազդեցություն է ունենալու հանրային մակարդակի շատ ավելի մեծացման վրա և ստեղծելու է բարոյահոգեբանական որոշակի վերելք։
  • Ուժային կառույցների ագրեսիվ քայլերը, բռնությունները՝ իշխանապահպան գործողությունները, նշանակում են, որ Փաշինյանը տեղեկություն է ստանում հասարակության մեջ իր լեգիտիմության նվազման, վարկանիշի իջեցման մասին, և դիմում են կանխարգելիչ քայլերի: Թույլ իշխանությանը հատուկ մեթոդներով վախ են տարածում, բայց դա այլևս չի աշխատելու։ Իշխանության վերջին գործիքը մնում է ռեպրեսիան, համոզելու գործիքն այլևս չի աշխատում: Ռեպրեսիան էլ չի աշխատելու:
  • Իշխանությունների արտահայտած միտքը, առհասարակ՝ քաղաքական էդպիսի պրոդուկտ արտահայտողները սնանկ են, իշխանական պիոներների հայտարարությունները քաղաքական մտքի սնանկությունն են վկայում:
  • Փաշինյանի՝ իրական և պատմական Հայաստանի նոր կոնցեպտը սոցիալ-հոգեբանական բարդույթներ ունեցող անգրագետ մարդու կոնցեպտ է, նման մարդը չի կարող իրարից տարանջատել իրական և պատմական Հայաստանը, շատերն են այսօր հարցնում՝ սա սև-սպիտակի տարանջատման շարունակությո՞ւնն է։
  • Սա ծրագիր է, որն իր փուլային տրամաբանությունն ունի, և ծրագիրը հանձնառու ունի Հայաստանում, և այդ հանձնառուն՝ Նիկոլ Փաշինյանը, ժամանակ է խնդրում իր հանձնառությունը կատարելու համար։ Դա ակնհայտ է։  Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների համընկնումները տարօրինակ են, խորը պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրների ղեկավարների այսպիսի սինխրոնիզացիա պատմությանը հայտնի չէ։
  • Ձևավորվող ձնագունդն ունի մեկ իրականություն՝ Հայաստանի նկատմամբ մեծագույն արհավիրքն այս էտապում կանգնեցնել։
  • Այսօր ակտուալ հարցն է՝ «Երբ է Նիկոլը գնում», դրա պահանջարկը մեծ է, և հիմա պետք է դրա ծրագրային ապահովումը։ Անհրաժեշտ է հանրային և հոգևոր մակարդակների բարձրացրած հարցերին քաղաքական ձևակերպում տալ։ Ապոգեան լինելու է քաղաքական։ Հասարակությունն ունի քաղաքական ակտորներից դժգոհություններ, բայց վստահ եմ, որ հանրային և հոգևոր մակարդակների պրոտեստը բյուրեղացնելու է քաղաքական մակարդակի առաջարկը, և հասարակությունը վաղ թե ուշ ստանալու է:
  • Պրոտեստի ֆորմատը ձևավորված է, կա պրոտեստի աճ, հանրային և հոգևոր պրոտեստը ստիպելու է, որ ձևավորվի քաղաքական առաջարկ։

  • Շատ կարևոր է, որ պրոտեստն ունենա ներառականություն՝ նոր մարդկանց ընդգրկում։ Եվ այդ կոչը չպետք է ունենա ստիպողական հոգեբանություն, կոչը պետք է լինի օրինակելի և ոչ թե՝ սևացնելու, պախարակելու, մեղադրանքի բնույթի։
  • Իրական և պատմական Հայաստանի կարմիր գծերն անցել են։ 
  • Իշխանության անկումը շատ ավելի արագ է տեղի ունենում, երբ ճաքերը լինում են ներսից, բյուրոկրատական համակարգում:
  • Շատ կարևոր է, որ իշխանական համակարգի վրա լինի քաղաքացիական ճնշում։
  • Չկա իշխանություն, որը ժամանակավոր չէ, և չկա իշխանություն, որը վայրագության պատասխանատվությունն իր վրա է վերցնում։ Իշխանությունները պատասխանատվությունը միշտ գցում են ենթակաների, իրենց հրամանները կատարողների վրա, այս դեպքում՝ նաև ոստիկանների։
  • Հայաստանն այսօր ունի ղեկավար, որը չգիտի՝ ինքը գնալո՞ւ է Մոսկվա, թե՞ ոչ։ Հայաստանն ունի ղեկավար, ում դրսից կասեն՝ գնա՝ կգնա, չեն ասի՝ չի գնա։

Մանրամասները՝ տեսանյութում.