Ուկրաինային տրամադրել ժամանակակից ցամաքային, ծովային և օդային սպառազինություն. G7-ի երկրները համաձայնեցրել են անվտանգության երաշխիքները

Մանրամասներ

G7 խումբը համաձայնեցրել է Ուկրաինային անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ընդհանուր սկզբունքները՝ պարտավորություն ստանձնելով ավելացնել սպառազինությունների մատակարարումները։

Այս մասին ասվում է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում։

Փաստաթղթում, որը մեջբերում է Financial Times թերթը, ասվում է, որ երաշխիքները ներառում են ցամաքային, օդային եւ ծովային միջավայրերում ժամանակակից ռազմական տեխնիկայի մատակարարումը, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, Ուկրաինայի կիբեռանվտանգության ապահովման հարցում օգնությունը, նրա զինծառայողների ուսուցումը: 

«Մենք կաշխատենք Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտում կոնկրետ պարտավորությունների շուրջ երկկողմ հիմունքներով, որպեսզի երաշխավորենք Կիեւի երկարաժամկետ հնարավորությունները ՝ պաշտպանելու Ուկրաինան այսօր եւ զսպելու Ռուսաստանի ցանկացած ագրեսիա ապագայում»,-փաստաթուղթը մեջբերում է AFP գործակալությունը:

«Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում մենք պատրաստ ենք Ուկրաինային տրամադրել շտապ օգնություն եւ աջակցություն անվտանգության ոլորտում, ժամանակակից ցամաքային, ծովային եւ օդային սպառազինություն, ինչպես նաեւ տնտեսական օգնություն եւ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին տնտեսական եւ այլ ծախսերով ծանրաբեռնելու համար»,-ասվում է փաստաթղթում։

Ինչպես նշել է G7 խումբը, մատակարարումների ժամանակ առաջնահերթությունը կտրվի ՀՕՊ համակարգերին, հեռահար հրետանուն, մարտական ինքնաթիռներին, զրահատեխնիկային, գրում է ANSA գործակալությունը: