Մարիխուանա՝ Լեհաստանի դեղատներում

Այն կարելի է ձեռք բերել միայն համապատասխան դեղատոմսով

Լեհաստանի դեղատներում արդեն վաճառքում է հայտնվել մարիխուանա տեսակի թմրանյութը, այն տրամադրվում է միայն բուժական նպատակներով և համապատասխան դեղատոմսով:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, բուժական նպատակներով մարիխուանայի վաճառքի օրինականության մասին օրենքը Լեհաստանում ուժի մեջ է մտել նախօրեին: 
Առայժմ Լեհաստան մարիխուանա ներկրելու արտոնագիր ստացած միակ արտասահմանյան ընկերությունը կանադական Spectrum Cannabis-ն է, ընկերությունից հայտնել են, որ ապրանքի առաջին խմբաքանակն արդեն ներկրվել է երկիր:
Նման ապրանքի մեկ գրամը լեհական դեղատներում արժե մոտ 65 զլոտի (17 ԱՄՆ դոլար), իսկ ահա անօրինական ճանապարհով այն ձեռք բերողները վճարում են մոտ 50 զլոտի, թեև զրկվում են ապրանքի որակի երաշխիքի կամ կանեփի աճեցման վայրի մասին տեղեկություն ստանալու հնարավորությունից: Իսկ ահա բուժական մարիխուանան աճեցվում է լաբորատոր պայմաններում:
Ըստ նախնական տվյալների՝ Լեհաստանում բուժական նպատակներով մարիխուանայի կարիք ունի մոտ 300 000 հիվանդ: Նրանց անհրաժեշտ չափաբաժինների մասին հստակ տվյալներ չկան: