Ինչպես է Սերժ Սարգսյանը մերժել Ֆրանսիայի նախագահին․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ (տեսանյութ)
Մայիսի 06, 2025

Ինչպես է Սերժ Սարգսյանը մերժել Ֆրանսիայի նախագահին․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ (տեսանյութ)

«Միշտ ցանկացած մերժում կարելի է ձևակերպել այնպես, որ քո զրուցակիցը և՛ հաճույք ստանա մերժումից, և՛ չվիրավորվի». Սերժ Սարգսյան

Հայկական համալսարանի ուսանողների` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ օրերս կայացած հանդիպմանը ուսանողներից մեկը հետաքրքրվեց նախագահից, թե ինչպես է ժամանակին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան առաջարկել Խաղաղության Նոբելյան մրցանակ և ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը մերժել` հասկանալով, որ առաջարկի էությունն Արցախի հանձնումն է. «Կան արդյո՞ք այլ մանրամասնություններ այդ ընթրիքից, որոնք գրքում զետեղված չեն, և մեզ հետ կկիսվեք դրանցով: Ինձ առանձնակի հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Ձեզ հաջողվել մերժել եվրոպական երկու գերտերություններից մեկի ղեկավարին, ով այն ժամանակ մեզ բարեկամ երկրի ղեկավարն էր` չփչացնելով հայ-ֆրանսիական և, մասնավորապես, Սարգսյան-Սարկոզի հարաբերությունները»,-հարցը եզրափակեց ուսանողը:

Այս հարցը հիշեցրեց շատ հետաքրքիր այդ հանդիպման մանրամասները, որոնք զետեղված են նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղարի «Ֆուտբոլային դիվանագիտություն» գրքի հուշագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահներ Սարգսյանի և Սարկոզիի հանդիպումը երկու կողմի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ տեղի էր ունենում Ելիսեյան պալատի փակ դռների հետևում:

Նախագահների բանակցություններից մի փոքր հատված ներկայացնում ենք ստորև.
«Նիկոլա Սարկոզի. — Պարո՛ն նախագահ, Նոբելյան առաջին հայ մրցանակակիրը դարձեք, նա, ով այդքա՜ն տառապանքներից հետո հայերին կկոչի խաղաղության:

Սարգսյանին ամեն ինչ պարզ էր. Սարկոզիի միջոցով միջազգային հանրությունն առաջարկում էր համաձայնել Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու լուծմանը՝ փոխարենը երաշխավորելով հարաբերությունների հաջորդիվ կարգավորում Թուրքիայի հետ և Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհում՝ որպես ոչ միայն այդ քայլերի գնահատում, այլև իբրև անձնական անվտանգության ցմահ երաշխիք.

Սերժ Սարգսյան. — Ես արդեն քսան տարի խոսում եմ խաղաղության մասին, պարո՛ն նախագահ: Նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները հայկական չեն, ու դրանք իմ հայրենիքը չեմ համարում։ Ու պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատմական այդ առաքելությունը՝ լուծելու իմ ժողովրդի համար կենսական այդ հարցերը։ Սակայն ես չեմ կարող դա անել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պարո՛ն նախագահ, և պատրաստ եմ ցանկացած գին վճարել։

Սարկոզին որոշեց շարունակել հրապուրելը. — Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: Եթե Դուք ունենաք Խաղաղության Նոբելյան մրցանակ, ապա ցմահ անձեռնմխելի կլինեք։

Սերժ Սարգսյան. — Օգնե՛ք Ադրբեջանի հետ կնքել ուժի չկիրառման համաձայնագիր և ստիպե՛ք Ադրբեջանին ստորագրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, և ես պատրաստ կլինեմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը տարածքների մինչև վերջին միլիմետրը, որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձնի Ադրբեջանին,– վերահաստատեց Սարգսյանը։

Նիկոլա Սարկոզին ու սեղանակիցները, բացի Սերժ Սարգսյանից, որ ցուցադրաբար ձեռք չտվեց կերակրատեսակներին, հասցրել էին վայելել մատուցված հիմնական ուտեստներն ու անցել նրբահամ ֆրանսիական մակարոնին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս