Ինչո՞ւ ՀՀ–ն լայնամասշտաբ զորավարժություններ չի անցկացնում
Մայիսի 05, 2025

Ինչո՞ւ ՀՀ–ն լայնամասշտաբ զորավարժություններ չի անցկացնում

Հայաստանը լայնամասշտաբ զորավարժությունների չի անցկացնում հնարավոր էսկալացիայից խուսափելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը։

Ապրիլի 30–ին Ադրբեջանի ՊՆ–ն հայտնեց, որ հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում, ստուգել բանակի մանևրելու ունակությունն ու հրամկազմի գործողությունները օպերատիվ միջավայրում։ Ադրբեջանը նաև պարբերաբար զորավարժություններ է իրականացնում իր հիմնական ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ։ Գրեթե միաժամանակ ՀՀ զինուժը Թբիլիսիում մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Իսկ ապրիլի սկզբին հայ-իրանական զորավարժություններ եղան` սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու սցենարով, բայց կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները զորավարժություններն անցկացրին իրենց տարածքում։

«Լայնամասշտաբ զորավարժությունները նաև քաղաքական դեմարշ են, և ես չեմ բացառում, որ հայկական կողմը մտավախություն ունի, որ դա կառաջացնի Ադրբեջանի ինչ–որ արձագանք, էսկալացիա և այլն։ Այսինքն` համարում է, որ լայնածավալ զորավարժությունները կարող են ռիսկ առաջացնել, որ Ադրբեջանը կօգտագործի առիթը էսկալացիա իրականացնելու համար»,– ասաց փորձագետը` հավելելով, որ լայնածավալ զորավարժություններով շատ հաճախ քողարկում են իրական մարտական գործողությունների պատրաստությունները, ինչը Ադրբեջանը վերջին 5 տարվա ընթացքում մի քանի անգամ կիրառել է ՀՀ–ի դեմ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի անցկացրած զորավարժություններին, Հարությունովի գնահատմամբ, դրանք արդյունավետ են հիմնականում Թուրքիայի հետ համատեղ անցկացնելու դեպքում, քանի որ այլ երկրների հետ Ադրբեջանի զինուժը չունի ինտեգրման ու փոխգործակցության այն մակարդակը, որը կա Թուրքիայի հետ։

«Իրենք նաև բացահայտ են ասում, որ մեկ բանակ ձևավորելու մտադրություն ունեն, նման թեզ եղել է հենց թուրքական կողմից»,– նշեց փորձագետը` միաժամանակ հավելելով, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը նման գործընկեր չունի, ինչը թերևս լայնածավալ զորավարժություններ չանցկացնելու ևս մեկ պատճառ է։

Շարունակելով ՀՀ իշխանությունների` հնարավոր էսկալացիայից խուսափելու նպատակով զգուշավորություն դրսևորելու թեման` Հարությունովն ընդգծեց, որ հարցը չի սահմանափակվում միայն զորավարժություններով։ Ադրբեջանի կարծիքը հաշվի է առնվում նաև շատ այլ բնագավառներում, այդ թվում` ՀՀ ներքին օրակարգերում։ Եվ խնդիրները գնալով ավելանում են։

«Այստեղ երկու ճանապարհ կա`կա՛մ այդ տենդենցը կշարունակվի, և Հայաստանը գնալով ավելի ու ավելի կսահմանափակի իր ինքնուրույնությունը, կա՛մ ինչ–որ փուլում հայկական կողմը պետք է գնա այդ տենդենցը կանգնեցնելու ուղով` նույնիսկ որոշակի բախման ռիսկով»,– նշեց փորձագետը։

Հարությունովը դժվարացավ կանխատեսել, թե այդ երկու ճանապարհներից որը կընտրի մեր երկիրը, և ինչով դա կավարտվի։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 05 Մայիսի 2025 11:38

Լրահոս