ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով դատարանը քիչ առաջ վճիռ կայացրեց։ Armlur․am-ը հայտնում է, որ դատարանը գործով մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտեց երեք տարի ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։
Պարբերականի թղթակիցը դատարանից հայտնում է, որ վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել։
Նշենք, որ մայիսի 12-ին ԱԺ-ում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։
ՔԿ ղեկավարն ընդգծեց, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։