Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարներն այսօր կայացած բանակցությունների ժամանակ որոշել են անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմաններից և առաջավոր շրջաններից զորքերի դուրսբերումն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի բանակի հայտարարությանը:
«Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարների միջև բանակցությունները տեղի են ունեցել 2025 թվականի մայիսի 12-ին` ժամը 17:00-ին։ Որոշվել է, որ երկու կողմերը կքննարկեն անհապաղ միջոցներ՝ ապահովելու զորքերի դուրսբերումը սահմաններից և առաջավոր շրջաններից», - ասվում է Հնդկաստանի բանակի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված այն պարտավորության պահպանման հետ, որ երկու կողմերը չպետք է կրակոց արձակեն կամ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն միմյանց դեմ:
Գործողության անցկացման չորս օրվա արդյունքներով Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվեցին մայիսի 10-ի ժամը 17: 00-ից (Երևանի ժամանակով ժամը 15:30) դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: Մի քանի ժամ անց Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի ղեկավար Օմար Աբդուլլան հայտնեց, որ Սրինագարի մոտակայքում պայթյուններ են լսվում, գործարկվել է Հնդկաստանի հակաօդային պաշտպանությունը: Սակայն արդեն երկրորդ գիշերն անընդմեջ Հնդկաստանի բանակը հայտարարում է, որ Պակիստանի կողմից խախտում չի նկատում։