Apple-ը դիտարկում է iPhone-ների նոր մոդելների գները բարձրացնելու հարցը, որը պետք է թողարկվի 2025 թվականի աշնանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի՝ Apple-ը զգուշանում է գների բարձրացումը կապել Չինաստանից, որտեղ հավաքվում են ընկերության սարքերի մեծ մասը, եկող ապրանքների վրա ԱՄՆ սահմանած մաքսատուրքերի հետ, ուստի փնտրում է այլ պատճառներ, որոնք կբացատրեն այդ քայլը։
Ինչպես նշում է WSJ-ը՝ ընկերությունը փորձում է iPhone-ների արժեքի բարձրացումը կապել նոր հնարավորությունների ներդրման և դիզայնի փոփոխությունների հետ։ Թերթը նշում է, որ նոր մոդելը կներառի սարքը ծայրահեղ բարակ պատյանով (այն կփոխարինի iPhone 16 Plus-ին)։
Ինչպես նշում է WSJ-ը՝ դեռևս ԱՄՆ-Չինաստան մաքսատուրքերի պատերազմի սկսվելուց առաջ Apple-ը ԱՄՆ շուկայի համար արտադրությունը տեղափոխել էր Հնդկաստան, սակայն նրա աղբյուրներն ասում են, որ դրա ամենաեկամտաբեր բարձրակարգ հեռախոսները, ինչպիսիք են Pro-ն և Pro Max-ը, հիմնականում արտադրվելու են Չինաստանում, քանի որ Հնդկաստանը դեռևս չի կարողանում դրանք արտադրել մեծ քանակությամբ: Apple-ը նաև ուսումնասիրում է iPhone-ի արտադրությունը ԱՄՆ տեղափոխելու հնարավորությունը, սակայն The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ դա տարիներ կպահանջի:
Apple-ն ավանդաբար աշնանը թողարկում է iPhone-ների նոր շարք: Ընթացիկ iPhone մոդելները ԱՄՆ-ում սկսվում են $799-ից iPhone 16-ի համար և $1,199-ից՝ iPhone 16 Pro Max-ի համար: