Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պաշտոնական այցով ժամանել է Իսլամաբադ։ Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Իսլամաբադի միջազգային օդանավակայան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին նշել է, որ այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը՝ ավելացնելով, որ քայլեր է ձեռնարկում Իրանի և Պակիստանի միջև համագործակցությունն ավելի լավ ուղու վրա դնելու ուղղությամբ։
Արաղչին մեծ նշանակություն է տվել երկու երկրների միջև հարաբերություններին, նաև կարևորել է Իրանի հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը շատ կարևոր է Իրանի համար։
Արաղչին ընդգծել է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը նվազեցնելու Թեհրանի կոչը։Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իսլամաբադ կատարած իր այցի հիմնական նպատակներից մեկը Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության նվազեցումն է։
Արաղչին նաև նշել է, որ Պակիստանում նախատեսված են սերտ խորհրդակցություններ։
«Պակիստանի նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված են հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր», – նշել է նա։
Պակիստանից հետո Արաղչին նաև նախատեսում է մեկնել Հնդկաստան։