Հայաստանի կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։
«Նախորդ տարի, երբ էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ պետք է առանձնացնել բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել, օրինակ, թեստի որևէ հարցի հետ: Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրացրած խնդիրներին և տեխնիկական հարցերը լուծել տեղում։ Սա, կարծում եմ, կարևոր և սպասված փոփոխություն է»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Որոշմամբ հստակեցվել է նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչների ատեստավորման ընթացակարգը: Մասնավորապես՝ կարգավորվել է՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում հաջորդ անգամ ուսուցիչը պետք է ատեստավորում անցնի նույն առարկայից:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 2-ից հայտարարել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն, որը կտևի մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն։ Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am առավել պարզեցված ընթացակարգով:
«Լրամշակած ուղեցույցները օգտակար կլինեն ուսուցիչների համար: Հույս ունեմ, որ նոյեմբերին անցկացվելիք ատեստավորմանն ավելի քան 6000 ուսուցիչ կմասնակցի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նշվում է, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները և ուսուցիչ չաշխատող այն մասնագետները, ովքեր ունեն համապատասխան որակավորում։ Նշված դեպքերում կամավոր ատեստավորման հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված at.emis.am հարթակում։