Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» ՀՀ–ի նկատմամբ տարածքային պահանջների հետ. դեսպան
Հուլիսի 01, 2025

Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» ՀՀ–ի նկատմամբ տարածքային պահանջների հետ. դեսպան

Պաշտոնական Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այդ փաստաթղթի որոշ կետեր չեն ենթադրում առանձին անդամների համաձայնություն»,– ասաց նա։

Նշենք, որ Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր պարունակում Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։

Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։

Ավելի վաղ, մեկնաբանելով հռչակագիրը, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ հռչակագրում առկա ձևակերպումների վերաբերյալ Երևանը քննարկումներ է անցկացնում ԻՀԿ անդամ առանձին պետությունների հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս