Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկել է հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան:
Կառավարության հունիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ նիստում քննարկվելու է ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարման արդյունավետությունը և դրա պետականացման հարցը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էներգետիկայի ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետ կապված: «Սա կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր:
«Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է նաև, որ այդ հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, այն քննարկել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները: «Առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա:
Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, Կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած՝ արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք: Բայց նորից ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնալ՝ որ սցենարով էլ գնանք, մենք մի իքս պահի պետք է ապահովենք ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը:
Մեր ընթացքի փորձը հաշվի առնելով՝ պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև ՀՀ քաղաքացիները, իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերել: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել: Սա մեր հարուցած գործընթացների կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,- ասել է երկրի ղեկավարը: