ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ Նա նշել է, որ հունիսի 25-ին ավելի ուշ կքննարկի իրադրությունը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ես շատ եմ խոսել Պուտինի հետ, և նա շատ սիրալիր էր։ Ինչպես գիտեք, նա առաջարկել է օգնել Իրանի հարցում, ինչին ես պատասխանել եմ. «Ինձ օգնություն պետք չէ Իրանի հարցում, ինձ օգնություն է պետք Ռուսաստանի հարցում…. Մենք դա կքննարկենք Զելենսկիի հետ։ Կարծում եմ՝ առաջընթաց կա», – Թրամփը հայտարարել է գագաթնաժողովի շրջանակներում։
Խոսելով Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ իրենք կքննարկեն «նրա դժվարությունները, նա որոշակի դժվարություններ ունի»։
Ավելի վաղ, Նիդեռլանդներ մեկնելու ժամանակ շփվելով լրագրողների հետ՝ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Զելենսկին «դժվարին վիճակում է, որում չպետք է հայտնվեր»։
Անցյալ շաբաթ Թրամփն արդեն հայտարարել էր, որ «Ռուսաստանն ու Ուկրաինան որոշակի առաջընթաց են գրանցել»։