Իրանի խորհրդարանը հաստատել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է PressTV–ն, այս մասին հայտնել է Իսլամական խորհրդատվական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչ Ալիրեզա Սալիմին։ Խորհրդարանի որոշումը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Այս շաբաթ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել համագործակցության համաձայնագրերով նախատեսված իր պարտավորությունները:
ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին հունիսի լույս 23-ի գիշերը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Թեհրանին խնդրել էր Իրանի վնասված երեք օբյեկտների հասանելիություն տալ հասկանալու համար հետևանքների մասշտաբները: Սակայն Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ կազմակերպությունը վարկաբեկել է իրեն՝ վերածվելով քաղաքական գործիքի։ ԱՄՆ-ի հարվածներից հետո գործակալությունն ավերածություններ արձանագրեց Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում, սակայն հայտարարեց, որ օբյեկտներից դուրս ճառագայթային ֆոնի բարձրացում գրանցված չէ:
ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հարաբերությունները վատթարացել էին դեռ Իսրայելի հարձակումից առաջ։ Թեհրանը սահմանափակել էր տեսուչների մուտքն իր օբյեկտներ։ Իսկ հարվածներից անմիջապես առաջ ՄԱԳԱՏԷ-ն ընդունեց բանաձև, որում ասվում էր, որ Իրանը չի կատարում միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակում իր պարտավորությունները։
Փաստաթղթում մասնավորապես նշվում էր, որ Թեհրանը գործակալությանը տեխնիկապես հիմնավորված բացատրություն չի տրամադրել չհայտարարագրված օբյեկտներում արհեստականորեն ստեղծված ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ: Դրանից հետո Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանին։