«Հրապարակ» թերթը գրում է․
«ՔՊ վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հոգեւորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել՝ ամեն օր թունավորելով ու վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։ Իսկ երբ ժամանակը գա, նաեւ ապացույցներ, փաստեր կհրապարակեն, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ տալու եւ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետեւանքով։ Առայժմ դեռ հապաղում են «բացահայտումներ անել»՝ վախենալով, որ հանրության համբերության բաժակը կարող է լցվել, եւ հակառակ էֆեկտը լինել։
Զուգահեռաբար, իշխանությունը նաեւ եկեղեցու ներսում է աշխատանքներ տանում՝ տարբեր հոգեւորականների միջոցով Գարեգին Բ-ի դեմ կոալիցիա ստեղծելու եւ նրան հեռացնելու համար պարարտ հող ստեղծելու նպատակով։ Սակայն այս պահի դրությամբ նման հոգեւորականները, ըստ մեր աղբյուրների, դեռ փոքրամասնություն են եւ դժվար էլ կարողանան մեծամասնություն դառնալ ու եկեղեցու ներսում «իշխանափոխություն» իրականացնել»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Վաշինգտոն ժամանած Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևի հավատարմագրերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, որի ընթացքում Դարչիևը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը։
Մինչև ԱՄՆ-ում նշանակվելը, նա ղեկավարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան համագործակցության վարչությունը, իսկ 2014-2021 թվականներին եղել է նաև Կանադայում ԱՄՆ դեսպան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստի թեմաներից՝ կարելի է ասել գլխավորներից մեկը եղել է Կաթողիկոսի հեռացման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության անդամները եւս մեկ անգամ պնդել են, որ Վեհափառին ու նրա շուրջ հավաքված հոգեւորականներին պետք է ամեն գնով թուլացնել, ու հանրային հնչեղության պետք է դարձնել Փաշինյանի հարցը՝ «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ»:
ՔՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել: Ու, ըստ մեր տեղեկությունների, ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին` հաջակցություն նրա:
ՔՊ-ականները կարծում են, որ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են այս հարցի առնչությամբ քաղաքական դիվիդենտներ շահել, իսկ դա առաջիկայում պետք է կանխել»։
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համախմբման Խորհուրդի (CCAF) Հայտարարությունը. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, նրա հրաժարականի կոչերը և նրա փոխարինման նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախաձեռնությունը համարվում են ամենալուրջ ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինյան ժամանակաշրջանից ի վեր:
CCAF-ը խստորեն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են Եկեղեցու և Պետության բաժանման հիմնարար սկզբունքին և ուղղված են հայ ազգի պատմական ու հոգեւոր սյուներից մեկի թուլացմանը՝ այն պահին, երբ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքների և գոյաբանական մարտահրավերների առաջ:
CCAF-ը հանդիսավոր կերպով կոչ է անում վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները և ձեռնպահ մնալ միջամտելու եկեղեցական գործերին: Այն նաև իր ամբողջական աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի հիմնարար դերը հայ ժողովրդի պատմության, գոյատեւման և համախմբման գործում կարիք չունի հիշեցման»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջով հայտնել է, որ դաշնային վերաքննիչ դատարանը իր քաղաքականությունն օրինական է համարել։
«Դաշնային վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել մաքսատուրքերը՝ իրեն այլ երկրներից պաշտպանելու համար։ Սա մեծ և կարևոր հաղթանակ է ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներին հրամայել է կատարել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մնացած բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանը, գրում է Associated Press գործակալությունը։
Նա նշել է, որ Պետքարտուղարությունը մինչև երկուշաբթի կստանձնի USAID-ի արտաքին օգնության ծրագրերի վերահսկողությունը։
Ռուբիոն դեսպանատներին խորհուրդ է տվել հետևել գերատեսչության ծրագրին՝ մինչև սեպտեմբերի 30-ը «լուծարել USAID-ի բոլոր արտասահմանյան առաքելությունները»։ USAID-ի մնացած բոլոր աշխատակիցների կրճատումը ԱՄՆ օգնության գործակալության լուծարման և Թրամփի վարչակազմի և Իլոն Մասկի Կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) կողմից ավելի քան 10 հազաչ աշխատակիցների ու կապալառուների կրճատման վերջին քայլն է։ Նրանք USAID-ը դարձրել էին աշխատանքից ազատման առաջին թիրախներից մեկը։
ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նախատեսում էր զանգվածային կրճատումներ մի շարք դաշնային գերատեսչություններում, ներառյալ՝ Պետքարտուղարությունում։ Հայցվորները պնդում են, որ Ռուբիոյի վերակազմակերպման ծրագիրը խախտում է դատարանի արգելքը։
Թրամփի վարչակազմը պնդում է, որ ծրագիրն արդեն իսկ ուժի մեջ էր, երբ նախագահը հրամանագիր էր հրապարակել, ուստի խախտում չէր կարող լինել։ ԱՄՆ շրջանային դատավոր Սյուզան Իլսթոնը դեռևս դատավճիռ չի ընդունել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի» է անվանել գործարար Իլոն Մասկի ներողությունը, ում հետ նա ավելի վաղ վիճաբանել էր։
Սպիտակ տան ղեկավարն այս կարծիքը հայտնել է The New York Post-ի հետ զրույցում։
«Ես կարծում եմ, որ դա շատ հաճելի քայլ էր նրա կողմից», - ասել է Թրամփը:
Թրամփն ասել է նաև, որ «կարող է» հաշտվել իր նախկին միլիարդատեր ընկերոջ հետ, բայց դա իր համար այս պահին առաջնահերթություն չէ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Մասկին չի մեղադրում իրենց վեճի համար, սակայն «մի փոքր հիասթափված է» նրա գործողություններից։
«Լսե՛ք, ես նրա դեմ քեն չեմ պահում, ես շատ զարմացա, որ դա տեղի ունեցավ: Կարծում եմ, որ նա իրեն շատ վատ է զգում, որ դա ասաց»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Միացյալ Նահանգներն արդեն այս ամռան կեսերին կամ վերջին կարող է զրկվել պետական պարտքը սպասարկելու հնարավորությունից: Այս մասին հունիսի 11-ին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նա այդպես է պատասխանել պարտքի մարման համար նախատեսված ռեսուրսների սպառման ենթադրյալ ժամկետի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ իրավիճակը դինամիկ է զարգանում, ուստի անհնար է ճշգրիտ ամսաթիվ նշել։
ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36.9 տրիլիոն դոլարը։Ավելի վաղ նախարարը կանխատեսել էր, որ այսպես կոչված «X ամսաթիվը» կլինի արդեն օգոստոսին, եթե Կոնգրեսը չբարձրացնի պարտքի սահմանաչափը։ Բեսենթի կարծիքով, այդ ընթացքում օրենսդիրները կարող են արձակուրդ գնալ, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ԱՄՆ պետական պարտքի սպասարկման համատեքստում։
Որոշ մանրամասներ են պարզվել հունիսի 10-ի առավոտյան Գրաց քաղաքի դպրոցում կազմակերպված սպանդի համար կասկածյալի (անունը չի նշվում- խմբ․) մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Գրաց քաղաքում հրաձգությունը երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն է դարձել, ողբերգությունը տասը մարդու կյանք է խլել․ մահացել են 14-17 տարեկան երեխաներ, ինչպես նաւ 59-ամյա ուսուցչուհին: Այս պահին Գրացի հիվանդանոցներում մնում է հարձակումից տուժած 11 մարդ։ Հարձակվողը այդ դպրոցի նախկին աշակերտն է եղել․ 21-ամյա երիտասարդն իրեն «ծաղրանքների զոհ» էր համարում, նա ինքնասպան է եղել: Նրա գործողությունների դրդապատճառներն անհասկանալի են։
Ինչպես հայտնել է ավստրիական Kronen Zeitung թերթը՝ հղում անելով ոստիկանությանը, կասկածյալն ապրում էր իր ավստրիացի մոր հետ, որը նրան մենակ էր դաստիարակում։ Պարբերականի տեղեկություններով՝ նրա հայրը ծնունդով Հայաստանից է, և ամուսնալուծությունից հետո տղան նրա հետ նույն տանը չի ապրել։
Բացի հրաժեշտի նամակից, հարձակվողը նաև տեսաուղերձ է թողել մորը: Դրանում նա ներողություն է խնդրում այն բանի համար, «ինչ պատրաստվում է անել հիմա»: Այնուհետև նա շնորհակալություն է հայտնում մորը հոգատարության համար:
Ողբերգության կապակցությամբ զոհերի ընտանիքներին իրենց ցավակցություններն են հայտնել Ավստրիայի կանցլերը և նախագահը, երկրի նախարարներն ու կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ: Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Հայոց եկեղեցու և նրա սպասավորների դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները։ Այս մասին միացյալ հայտարարություն են տարածել Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի թեմական խորհուրդները՝ արձագանքելով վարչապետի կողմից արդեն մոտ 2 շաբաթ շարունակվող արշավին։
«Սրանք ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար և անդառնալի հետևանքներով»,- նշված է հայտարարության մեջ։
Թեմական խորհուրդների կարծիքով՝ 2018 ի վեր ՀՀ իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը։
Խորհուրդները խստորեն դատապարտում են այս հայտարարությունները, դրանք եղկելի անվանում և զորակցություն հայտնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր եկեղեցուն երևելի և աներևույթ բոլոր չարքերից ու փորձություններից»,- եզրափակվում է հայտարարությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։